Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լոտոխաղ կնիկները նորից սկսում են վիճել յուրյանց անպատվության մասին, որ զրկվեցան յուրյանց զվարճությունից։

Վերջացնում եմ իմ նկատողությունները այդ խոսքերով. որ «Քանդված օջախը» է մի ցավալի ողբերգություն, որ պատկերացնում է մեր ժողովրդի քանդված դրության տխուր կործանվիլը, և նորա անկումը թե՛ բարոյապես և թե՛ նյութականապես...

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ

«Արարատ» ամսագրի ներկա տարվա մայիսի տետրակումը կարդացի պ. Շերմազանյանի պատասխանը իմ Մշակի 7-րդ համարումը տպված հոդվածի դեմ։

Պարոնը շատ վրդովվում է, իբրև թե ես, հեռանալով պատմական փաստերից, պատասխանել եմ նորան հեգնորեն։ Բավականին ուղիղ է նկատել նա։ Չմտածելով, մի գրվածք, որ ստոր էր ամենայն կրիտիկայից, նորան հերքելու ամենահարմար զենքը կատակն է։

Իսկ պ. Շերմազանյանը յուր վերջին հոդվածում մի նոր առաջադիմություն ևս է արել,- նա, անցանելով պատմաբանական դաշտից, հասնում է անձնականության։ Ի՞նչ փույթ, գուցե «էդ էլ մի նոր» կրիտիկա է։

Մի բան վաղուց մեք գիտեմք կյանքի մեջ, թե կատուն նեղի ընկած միջոցին սկսում է չանգռել մարգի ձեռքերը։ Մի այլ բան դորա նման երբեմն հանդես է դուրս բերում գրականությունը, երբ թույլ մարդ են ծանր պոլեմիկայի մեջ, սկսում են հայհոյանք և լուտանքներ արձակել։

Մեր քաղաքում նույնպես մուրը շատ թանկ չէ ծախվում, եթե պետք լիներ նորա գործածությունը։ Բայց ո՞վ ախորժակ ունի արատավորել յուր ձեռքերը։

Գրականության մեջ այս և այն անձի պսեոդոնիզմր մերկացնել կատարյալ անազնվություն է։ Այդ պատճառավ, ոչ ոք իրավունք չէ տալիս պ. Շերմազանյանին ասել, թե Մելիքզադեն Րաֆֆին է, կամ Րաֆֆին Հակոբ Միրզայանն է և այլն։ Որովհետև այդ անունները, ով ոք և լինեին նոքա, Եղիշեի, Փարպեցու և Ավարայրի դաշտի հետ ոչինչ կապ չունեն։