Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց թե Մելիքզադեն էշի կամ ուղտի վերա հեծնելով է ճանապարհորդել այն կողմերը, և դորա համար նորա խոսքերի մեջ ճշտություն չկա, այդ շատ իրավացի է։ Ինչ պետք է արած, երկրի սովորությունների դեմ մարտնչելը դժվար բան է։ Երևելի Վամբերին ևս էշով անցավ Պարսկաստանը։ Այդ բանը կարծես, թե արևելքի ճանապարհորդների ճակատագիրն է։ Միայն շատ քչերին է հաջողվում հարստանալ, փողի և գյուղի տեր դառնալ, և նժույգ ձի նստած, Փառնա գյուղեն մի քանի ժամվա մեջ մինչև Խորվիրապ հասնել և լավ հետազոտել երկիրը...

Պարոն Գալուստ, ես իմ կողմից վերջացնում եմ իմ բանակռիվը ձեզ հետ, գուցե պարոն Րաֆֆին ինքը կպատասխանե ձեզ, որովհետև, ես թեև մինչև այսօր համոզված էի, որ դուք լավ պատմաբան եք (՞), բայց չգիտեի...։ Միայն բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ուշադրությամբ կարդալ ձեր առաջին և երկրորդ հոդվածները, եթե կա նոցա մեջը միտք, դուք կհամոզվիք, թե որքան հակառակում եք ինքներդ ձեզ։

Պարսից առածը ասում է. «ստախոսները հիշողություն չունեն»: Միևնույն հակասությունն է պատահում գրականության մեջ, երբ մարդ ամեն րոպե մի նոր խոսք է խոսում։

[ՊԱՏԱՍԽԱՆ «ՄԵՂՈԻԻՆ»]

N 26 «Մեղու»-ի ֆելիետոնում պ. Քաղքցին չգիտեմք ինչ իրավունքով վատ կարծիք է տարածում և դատապարտում է մի գիրք, որ տակավին տպագրության մամուլի տակ անգամ մտած չէ։ Նա կոչում է մեր աշխատությունը «Փունջ» անգույն ու անհոտ ծաղկանց» և այլն։ Մեք հավաստի եմք, որ Բաղաամի հոգին մտել է պ. Քաղքցու մեջ. նա սկսել է գուշակություններ անել։ Բայց ինչ որ վերաբերում է «Փունջի» «անգույն, անհոտ» լինելուն, մեք կրկնում եմք երևելի Սաադիի խոսքը, «ինչ մեղ ունի արեգակը, երբ կույր չղջիկը լույս ցերեկով չէ տեսնում նորա ճառագայթը»: Էնպես էլ «Փունջը» մեղավոր չէ, երբ մեր պ. Զոյիլի հոտառությունը, չար նախանձից գուլանալով, ոչինչ չէ զգում։ Բայց ինչ որ վերաբերում է այն բանին, թե պ. Քաղքցին որքան է հասկանում և գիտե բանաստեղծությունը, այդ արդեն հայտնի է նորա վերջին զոլամա ֆելիետոնից, ուր ոտանավորներով է արտավիժում յուր ցնորաբանությունքը։ «Ագռավը ուզեց կաքավի երիշ գնալ, իր երիշն էլ կորցրեց»։— Ասում է հայի առածը։