Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասակարգային կաոուցվածքի մեջ»: Քաղաքական ու գաղափարական պայքարի մեջ են մտնում պատմության գիրկն անցնող հին և ասպարեզ մտնող նոր դասերն ու դասակարգերը։ Ֆեոդալիզմի վերացմամբ ամենից ավելի շահագրգռվում են դեմոկրատական լայն խավերը, մանավանդ գյուղացիությունը։ Ցարական ու առավել դաժան սուլթանական բռնակալությունների լուծը թոթափելու համար մղվող ազգային ազատագրական պայքարը ոտքի է հանում հայ հասարակության բոլոր կենսունակ ուժերին։ 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմն իր ուժեղ կնիքն է դնում ժամանակաշրջանի վրա։

Այս բարդ, հակասություններով ու հակադրություններով լի էպոխայում, գեղարվեստական խոսքի հետ Րաֆֆին հրապարակախոսությունն ու քննադատությունն ընտրում է իբրև գաղափարական պայքարի զենք, արձագանքում և ասպարեզ է հանում դարաշրջանի ծնունդ հանդիսացող բազմաթիվ պրոբլեմներ ու հարցեր, անցնում է մտավոր զարգացման մի բարդ ճանապարհ։ Իրական հակասություններն ու հակադրությունները մտքի մեջ արտացոլող Րաֆֆին ինքը հաճախ հակասական հայացքներ է արտահայտում։ Կյանքի հետ կենդանիորեն հարաբերվող Րաֆֆին, միշտ զգայուն դեպի կյանքը, որոնել է նրա երևույթների բացատրության, իր ժամանակի համար, պրոգրեսիվ մեկնակետը։ Ֆեոդալական ֆորմացիայի մահացման և բուրժուական ֆորմացիայի զարգացման ու հաստատման՝ կնճիռներով դրոշմված տասնամյակներին Րաֆֆի հրապարակախոսն ու քննադատը կանգնում է բուրժուա-դեմոկրատական աշխարհայացքի դիրքերում, որոշելով, թե կարծես հենց այդպիսի դիրքեր ունեցող գաղափարական մարտիկն ամենից ավելի խոր է զգում իրականության պահանջները և ամենից ավելի ճիշտ է ծառայում իր հայրենիքին ու հայ հասարակության զարգացման առաջավոր տենդենցներին։ Րաֆֆին իր էպոխայի արգասիքն է, այդ էպոխայի ծնունդն է նրա հրապարակախոսությունն ու քննադատությունը։

Տակավին վաղ երիտասարդության տարիներին, ինչպես գեղարվեստական երկերում, այնպես էլ հրապարակախոսական առաջին քայլերը կատարելիս, Րաֆֆին համակվում է լուսավորական մտքերով։ Խրիմյանին՝ Սալմաստից Վան ուղարկված նամակ-հոգվածներում նա ողջունում է լուսավորության մուտքը հայ հետամնաց իրականություն։ Անկարող ժխտելու կրոնը, նա քննադատում է հայ կղերին, նրան համարելով հետամնացության պատճառ։

Ավելի սուր՝ Րաֆֆու հրապարակախոսությունն արտահայտվում է «Հյուսիսափայլի» տարիներին։ Համընկնում են երիտասարդ մտածողի և ամսագրի ուղղության, հատկապես նրա լուսավորական ոգին։ Ֆեոդալական գաղափարախոսության դեմ բացված ճակատի արտահայտությունն էր գա — Րաֆֆու և «Հյուսիսափայլի» բարեկամությունը։ Այս ժամանակ է, որ Րաֆֆին հանդես է գալիս որպես արևելյան իրականությանը քաջատեղյակ մի դեմք, դատապարտում է արևմտյան առաքյալների չարամիտ գործունեությունն Արևելքում, պաշտպանում է տեղային կուլտուրաների ինքնուրույն զարգացման գաղափարը։ Բայց ավատականությանն ընդդեմ գնացող նույն Րաֆֆին խոշոր զիջում է անում, երբ երևան է բերում հայ լուսավորչականությունը «մաքրելու» և «զտելու» թեզը, այն գերադասելով կաթոլիկությունից։

«Ընտանիքի կերբերոսներ» հոդվածով հրապարակախոս Րաֆֆին թևակոխում է «Մշակի» հիմնադրման և նրա հեղինակության տարածման շրջանը։