Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքական ժողովը երբեք չէ կարող և անկարելի է, որ կարողանա Տաճկաստանի ավելի քան երեք միլիոն հայ ժողովրդի պետքերը հոգալ և նոցա պահանջմանցը լրացուցիչ բավականություն տալ, երբ որ նա, նույնիսկ Կ. Պոլսի մեջ պատահած գործերը քննելու և վճռելու անձեռնահաս է։

Հիշյալ հանգամանքները աչքի առջև ունենալով Սր. Պատրիարքը առաջարկում է քաղաքական ժողովին կազմել երկու մասնաժողովներ, մինը` տեղական գործոց համար, մյուսը` գավառական գործոց համար, որպեսզի նոքա թեթևցնեն տարիներով վեր թափված գործերը։

Այդ պատճառավ Սր. Պատրիարքը ներկայացնում է մի ծրագիր քաղաքական ժողովի քննությանը, որո մեջ բացատրում է նա, թե սահմանադրության արդի օրենքները և նոցա գործադրության ձևերը անհամապատասխան են հայ հասարակության ներկա պիտույքներին, և խնդրում է նորից վերաքննել սահմանադրությունը, լրացնել նորի թերությունքը և ընդհանուր թուրքաբնակ հայերի պահանջմանցը հարմարավոր կացուցանել։

Քաղաքական ժողովը ոչ միայն ուշադրություն չէ դարձնում Սր. Պատրիարքի մի այդպիսի առաջարկության վերա, այլ արժան էլ չէ տեսնում Ընդհանուր ժողովին ներկայացնել։ Այստեղից ծագում են երկպառակության պատճառներր Սր. Պատրիարքի և Քաղաքական ժողովի մեջ, որ հետզհետե ավելի ծանր հետևանքներին հասնելով, Խրիմյանը ստիպված է լինում թողուլ պատրիարքական աթոռը և յուր հրաժարականը տալ։

«Մասիսի» 1419 համարում կարդալով այդ հրաժարականի գրավոր պատճենը, որ մատուցել է Խրիմյանը երեսփոխանական ժողովին,— մի ցավալի տպավորություն է թողնում ընթերցողի վերա, թե ինչ անպիտան վիճակի մեջ է սահմանադրությունը Կ. Պոլսում, և որպիսի անզարգացած և չարանախանձ անձինքներից բաղկանում է նորա վարչությունը։ Օրինակի համար, քաղաքական ժողովի անդամները հայտնում են, թե սահմանադրությունը ամենևին վերաքննության կամ փոփոխության կարոտություն չունի, և համարում են Խրիմյանին հակասահմանադրական, որ պահանջելով դոքա, մեղանչում էր սահմանադրության սրբազնությանը դեմ... Զարմանալի հետադեմ միտք, որ մեր դարում բոլորովին հիվանդոտ ուղեղների ցնորք համարելու է։ Մի ժողովուրդ, որ կառավարվում է անփոփոխ օրենքներով, նա կմնա անփոփոխ անշարժության մեջ։