Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղղակի հաղորդակցություն ունենալուց։ Այդ պատճառով մասնավոր անձինք միջնորդական դեր են խաղում: Այսինքն` եվրոպական կոնսուլները,— Ռուսաց, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Տաճկաստանի և այլն,— դոցա ամեն մինը ունեն յուրյանց առանձին սուրհանդակները (չափարներ), որք կատարում են թղթատարի պաշտոն։

Սուրհանդակների մի նշանակված քաղաքից դուրս գնալը կամ վերադառնալը` լինում է անորոշ ժամանակներով, իհարկե, այն ժամանակ միայն, երբ նոքա պետք է տանեին կոնսուլների պաշտոնական թղթերը: Վաճառականները ստիպված են լինում ենթարկվել այդ կամայականություններին և սպասել այնքան, մինչ որևիցե կոնսուլ յուր սուրհանդակը ճանապարհ կդներ, որ նոքա ևս կարողանան յուրյանց նամակները ուղարկել։ Շատ անգամ նոքա այդ սուրհանդակների ձեռքով ուղարկում են յուրյանց արծաթը։

Մի այնպիսի երկիր, որպես Պարսկաստանն է, ուր ավազակությունը մի սովորական բան է, քիչ չէ պատահում, որ սուրհանդակները կողոպտվում են։ Այդպիսի դեպքերում վաճառականը կորցնում է ոչ միայն յուր նամակները, այլև զրկվում է յուր արծաթից։ Ոչ ոք պատասխանատու չէ լինում նորա կորստին, որովհետև սուրհանդակը մի պաշտոնական կամ պայմանավոր նշանակություն չունի։ Պարսից կառավարությունը այդպիսի հանգամանքներում միշտ մնում է անտարբեր, որովհետև նորա և սուրհանդակատիրոջ մեջ որևիցե համերաշխություն տեղի չէ ունեցած։

Փոթի—թիֆլիսյան տրանզիտի ճանապարհը բացվելեն հետո, սուրհանդակների գնացքը` Թաբրիզից Էրզրում և այնտեղից Տրապիզոն` համարյա դադարեցավ։ Ասպարեզը մնաց Ռուսաց սուրհանդակին։ Այդ վերջինը, օրինակի համար առնենք մինը` Թաբրիզի ռուսաց կոնսուլը։ Վաճառականները յուրյանց նամակները կամ արծաթը հանձնում են հյուպատոսարանին, կոնսուլը ճանապարհ է դնում մինչև Զուլֆայի կարանթինը, այնտեղից հանձնվում ռուսաց փոստային և Պարսկաստան բերվելու նամակները դարձվում է Թաբրիզ։ Մինչև անցյալ տարի վաճառականները ստիպված էին ուղարկվելու նամակների ամեն մի լոտ ծանրության համար վճարել երեք կռան (90 կոպեկ), իսկ ստացած նամակի համար մեկ կռան (30 կոպեկ)։ Իսկ այժմ ստացվում է ուղարկվելու նամակների մի լոտին երեք փանահբաթ (45 կոպ.), իսկ ստացած նամակին` մեկ կռան (30 կոպ.)։ Իսկ լրագրների ամեն մի նոմերի համար