Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի և ավելի ընդարձակ շրջան են ստանում։ Փոստայի սերտ հարակցությունը այդ երկու պետությունների մեջ կարող է ավելի ևս ընդարձակել նոցա առևտրական հաղորդակցությունը, որպես ահմանակից և դրացի երկրների, և հետևապես մեծ օգուտ կհասցնե ուղեգնացության և ճանապարհների հաղորդակցության: Փոստաների առիթով հարթած ուղիները կդառնան միևնույն ժամանակ հաճախորդների և ապրանքների փոխադրության ուղիներ։

Այն ժամանակ, թե՛ ռուսաց նավագնացությունը և թե՛ Փոթի -թիֆլիսյան երկաթուղին կհասնե յուրյանց նպատակին։

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Երբ հանդիպում ես մի հայ օրիորդի, որ Ժորժ-Սանդի կամ Տուրգենևի ռոմանը խտտած, դառնում է օտարազգի ընթերցարանից, հարցնում ես նորան` օրիորդ, ինչո՞ւ չեք կարդում հայերեն։ Պատասխանը լինում է` կամ մի արհամարհական ժպիտ և կամ-«ի՞նչ կարդամ»։

Ի՞նչ կարդա, կրկնում ենք մենք, Նարե՞կ, Եղիշե՞ թե Խորենացի։ Դոցա լեզուն այնքան հասկանալի է օրիորդին, որքան նոցա նյութը մատչելի է նորա սրտին։ Դյումայից և Հյուգոյից պոլսեցոց թարգմանություննե՞րը կարդա օրիորդը, ո՛չ, նա ծանոթ է արդեն դոցա բնագրին, կամ կարդացել է թարգմանությունը մի օտար լեզվով։

Ի նկատի ունենալով այդպիսի երևույթներ, համոզվում ենք, որ մենք, հայերս ընթերցանության գրքեր չունենք. էլ ինչո՞ւ ենք մեղադրում մեր մանուկ սերունդը, թե նոքա հեռու են պահում յուրյանը հայոց լեզվից և նորա գրականությունից։

Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը: Իսկ ընթերցասիրությունը ամբոխի մեջ տարածելու գլխավոր միջոցներից մինը բանաստեղծական և վիպական գրվածքներն են։ Ի՞նչ գիրք կարող է լինել ժողովրդի սրտին և հոգուն այնքան մոտ, որքան մի վեպ, որը կախարդական հայելվո նման պատկերացնում է յուր մեջ նորա կյանքը, երևան է հանում հասարակական տիպեր՝ յուրյանը գեղեցիկ և այլանդակ նկարագիրներով։ Վերջապես