Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի տխուր երևույթ` այդ հոգևորականը բարձր իշխանության հասած, փոխանակ գործ դներ իր իրավունքը դեպի բարին, գործադրում է դեպի չարը։ Պողոս վարդապետը հանդիսանում է այն հմուտ որսորդներից մինն, որ շատ լավ ուղղել գիտե յուր զենքը նպատակին դիպցնելու համար։ Նա կշռել էր յուր ուժը, նա գիտեր, որ յուր ժողովուրդը Բարձ. Դռան առջև ձայների ավելի մեծ բազմություն էր կազմում։ Կառավարության ամեն մի պաշտոնակալը` փաշան, գայմագամը, ղադին, մեմուրը, զափթիան` ստիպված էին հնազանդել Պողոս վարդապետին, և նորա հաճույքին համեմատ վարվել, որովհետև հակառակ ընթացքում` նոքա զրկված կլինեին յուրյանց տեղերեն։ Բավական էր հայր սուրբի մի խոսքը, իսկույն պատրաստ էր ժողովրդից մի հանրագրություն, հազարավոր ստորադրություններով, փաշայի կամ գայմագամի դեմ։ Այդպիսի միջոցներով ենթարկելով յուր ազդեցությանը կառավարության պաշտոնակալները, Պողոս վարդապետը հասնում է այն իրավունքին, որ կարողանում է տիրել և մանր ազգությունների, որպես են քրդերի իշխանների վերա։ Յուզբաշի Ալի աղան, Զազա էոմերը, Շեմսկի Տրպոն, Պաշկալայի Քոռ էոմերը, բոլորը հպատակում են նորան։ Նորտուզա Տրպազ աղան, որ Հոգվոց վանքը թալնեց. Շատախու Գյուլ-Մեհմեդը, որ տեղային եկեղեցիները կողոպտեց և յուր անասունների գոմեր դարձրուց, Մոգաց երկրի Ավդալ բեկը, որ Նեթոյի պես նշանավոր հային սպանեց, Դեվրիշ բեյը` այն հազարավոր հայերի արյունը թափող խան-Մահմուդի եղբայրը — և Մուքուրցվոց Մեհմետ-Ալի աղան, որ Սաթմանից եկեղեցին պղծեց` բոլորը Պողոս վարդապետի ամենահավատարիմ բարեկամներն են դառնում։ Եզըդիներու աղաները` Չաթոն և Սատոն, Հայտարանցոց բազմաթիվ ցեղապետները, նոցա գլխավորը` Ալի աղան, որք Տաճկաստանից կողոպտելով անցնում են Պարսկաստան, և այնտեղից կողոպտելով պատսպարվում են Տաճկաստանում` այդ բոլոր չարագործները, — գաղտնի կապեր են կցում Պողոս հայր սուրբի հետ և նորանից կախումն ունեն։ Ինչո՞ւ։ Որովհետև Պողոս հայր սուրբը փաշային շատ մոտ մի անձն է, եթե այդ ավազակապետներից մինը մեղադրվում էր որևիցե հանցանքի մեջ, միշտ կարող էր նորա միջնորդությունից օգուտ քաղել և ազատվել։

Պողոս վարդապետն յուր պաշտպանությունը դեպի վերոհիշյալ ամենասոսկալի ավազակապետները գործ էր դնում ոչ միայն