Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի դեպքերում, երբ նոքա որևիցե չարագործություն էին անում օտարներին, այլև երբ հարստահարվածները լինեին նույնիսկ յուր ժողովուրդը — հայերը։ Անուրանալի է այն անցքն, երբ Մուքուրցվոց Մեհմեդ Ալի աղան Սաթմանից եկեղեցին կողոպտեց և պղծեց, երբ տարվում էր նա Պոլիս պատժվելու համար, կես ճանապարհից, այն է Կարինից, ետ դարձավ Պողոս հայր սուրբի պաշտպանությամբ։

Այլ փաստեր.

Պողոսի պաշտպանությունը վայելող Հեյդարանցի քրդերը Խժիշկ գյուղի եկեղեցին կկողոպտեն, հայր սուրբը գյուղացիներեն 6000 ղուրուշ ընծա հավաքելով կտա ավազակների գլխավորին և կողոպուտը ետ կգնե։ Մի հայոց եկեղեցի պղծել տվող Մեհմետ Ալիին ազատելու համար Պողոսը կառավարության ատյանի մեջ վկայում է, թե չարագործն անչափահաս մանուկ լինելով, ազատ է պատժվելուց, մինչդեռ նա ահագին մորուք ուներ։ Կոջայի աղան` Շերիֆը ճանապարհին մի խավենցի հայ կին է բռնաբարում, և ազատվում է հայր սուրբի օգնությամբ։ Շատ անգամ ինքը հայր սուրբը այդպիսի անիրավությունների միջնորդ էր դառնում, որպես է այն դրամատիկական անցքը, երբ զորապետ Ֆերիկ փաշան Պողոսեն մի հայ կին է ուզում, նույն միջոցներում տըհերցի Պետրոսն յուր կնոջ ծեծած լինելով, հայր սուրբը լսում է և բերել տալով, փաշայի մոտ է ուղարկում։

Ի՞նչ էր պատճառն, որ Պողոս վարդապետը, կապեր ուներ այդպիսի եղեռնագործների հետ։ Պատճառը շատ պարզ է։ Երբ նոքա հափշտակում էին, հայր սուրբը մասն ուներ կողոպուտի մեջ։ Երբ նոցա ցեղերի մեջ որևիցե մարդ կամենում էր վաճառականության առիթով կամ այլ գործով գնալ, յուր անձի և ապրանքի ապահովության համար ստիպված էր հայր սուրբից մի հանձնարարական թուղթ առնել այս կամ այն իշխանի վերա, իհարկե, միևնույն ժամանակ ընծայելով հայր սուրբի «աջահամբույրը»: Բացի դոցանից, այդ ավազակներից ամեն մինը, լինելով միևնույն ժամանակ մի ամբողջ ցեղի իշխան, նոքա միշտ պատրաստի գործիքներ էին հայր սուրբի ձեռքում յուր հակառակորդներին սարսափեցնելու համար, և երկրի մեջ ցանկացած խռովությունները հարուցանելու համար։

Օրինակի համար Տփխիսից Վանա երկու Անապատներին հատկացյալ մի կտակի մասին Պողոսի և Թոփուզյան հայր սուրբի մեջ անհամաձայնություն է բացվում։ Քանի օրից Թոփուզյանի