Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր պատրիարքական թագիրով[1] Պողոսին Վանից աքսորելով, Ուչ Քիլիսայի վանքն է ուղարկում։ Այնտեղ Պողոսն անտանելի է դառնում, աքսորը դարձյալ Խրիմյանի հրամանով փոխվում է Կարին։ Բայց Կարինում Պողոսը նույնպես հանգիստ չէ մնում, նորա հին բարեկամների, քրդերի զանազան իշխանների գաղտնի և հայտնի հարաբերությունները նորա հետ դարձյալ շարունակվում են։ Պողոսը Կարինում դառնում է ոչ միայն անտանելի, այլև վտանգավոր։ Այնտեղից բողոքում են Պոլսի Ազգ. Վարչությանը Պողոսի աքսորանքի տեղը փոխել։ Ազգ. Վարչությունը մի քանի «պողոսյանների» միջնորդությամբ որոշում է` ներկա հունվարի 10-ին, որ Պողոսը Բարձ. Դռան հրամանով կրկին Վան երթա և մնա Անապատում, այն անապատում, որտեղից նա քանի տարի առաջ սպառազինյալ քուրդերով Վանա առաջնորդարանին վերա հարձակվեցավ և խեղճ Իգնատիոս եպիսկոպոսի գլխին այն սարսափելի դրաման խաղաց։

Պոլսի Ազդ. Վարչության մի այդպիսի որոշումը մեծ խռովություն է բարձրացնում Վասպուրականի մեջ։ Ժողովուրդն ամենևին չէ ուզում այն մարդին կրկին յուր մեջ ունենալ, որից այնքան չարիքներ կրած էր։ Բայց Ազգ. Վարչությունը բոլորովին անտես առնելով ժողովրդի բողոքը, մնում է հաստատ յուր որոշման վերա, որովհետև Պողոսին պաշտպանողները ժողովրդի մի քանի նշանավոր անձինքներն էին[2]։

Ինչո՞վ է վերջանում այդ խռովությունը։ Ժողովրդի ներկայացուցիչները վերոհիշյալ տետրակը առաջարկելով Պոլսի Ազգ. Վարչությանը, երեսները դարձնում են այդպիսի խոսքերով` «Եթե Ազգ. Վարչությունը նորեն անփոփոխ պահե իր ըրած որոշումն, մեզ կմնա վերջինը համարել խոհեմություն... և դիմել բարձրագույն կառավարության ներկայացնելու մեր այս կենաց և մահու խնդիրը...։ Ալ ազատ պիտի մնա մեր խիղճը, մեր պատիվն ալ»:

Մենք հուսով ենք, որ Պոլսի Ազգ. Վարչությունն այնքան խոհեմ կլինի, որ չի արհամարհի ժողովրդի ձայնին, որպես ճշմարտության ձայնին, ի նկատի ունելով այն սարսափելի հետևանքն,

  1. Խրիմյանի այդ արդարադատ վարմունքն էր, որ վերջապես Պոլսի Քաղ. ժողովի կողմից նորա վերա գրած մեղադրանքներից մինը համարվեցավ։
  2. Յուրյանց անխիղճ շահերը հաջողցնելու համար Պողոսի պաշտպանությունը վայելում էին և մի քանի հայ աղաներ, որպես են Վանա կոմպանիաները, որք նորա միջոցով կարողանում են օրինավոր կերպով հարստահարել աղքատ գյուղացիներին։