Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կարող է ծագել այդպիսի դեպքերից։ Որովհետև երբ Ազգ. Վարչությունը, չհարգելով ժողովրդի բողոքները, նորանց առիթ կտա դիմել Բարձ. Դռանը, այսպիսով նա ինքը ճանապարհ կբաց անե հայերի դեմ դեպի տաճիկների դիվանատները դիմելու։

Այդ է կառավարության իսկական նպատակը։ Երբ որ այդպիսի դեպքերը կկրկնվեն հաճախակի, կառավարությունը մի օր կասե. հայեր, մենք տվեցինք ձեզ սահմանադրություն և ազգային ինքնակառավարության իրավունքներ, բայց դուք անընդունակ եղաք վարելու, ուրեմն ետ տվեք։ Արժե՞ արդյոք մի այդպիսի կորուստը զոհել մի քանի շահասեր «պողոսյանների» հաճույքին, որք Խրիմյանի անկումից հետո, աշխատում են Պողոսին այդ միջոցով կրկին Վանա առաջնորդության աթոռը նստեցնել...

«ՔՆԱՐ ՄՇԵՑՎՈՑ ԵՎ ՎԱՆԵՑՎՈՑ» ԳՐՔՈԻՅԿԻ ԱՌԻԹՈՎ

Լույս տեսավ Ս. էջմիածնի տպարանից հայր Արիստակեա վ. Սեդրակյանի հրատարակությամբ մի գրքույկ, որ կոչվում է «Քնար մշեցվոց և վանեցվոց»։ Այդ գրքույկը բաղկանում է 46 երեսից և պարունակում է մինչև 36 երգեր, որ ժողովել է հրատարակիչ հայրը Տարոնի և Վասպուրականի ժողովրդական երգերից։

Երգերը կարելի է բաժանել երկու մասն` կրոնական և լիրիկական: Առաջին մասին պատկանում են` «Ծննդյան երգ», «Ս. Կարապետն Գլակա վանքից», «Քարոզ խաչ», «Հոգի և մարմին»։ Այդ երգերը, թեև զուրկ են դավանաբանական և պատմական ճշտություններից, այսուամենայնիվ, նոքա հետաքրքրական են նրանով, որ արտահայտում են գռեհիկ և անուս ժողովրդի հայացքը յուրյանց սրտին խիստ սուրբ եղած առարկաների վերա։ Օրինակի համար, «Ծննդյան երգի» մեջ ժողովրդական ֆանտազիան չէ բավականանում նրանով, թե Մեսիայի ծնունդն եղավ անշուք փարախի անկյունում, հովիվների տնակի մեջ։ Նա ընծայում է մարդկության նորածին փրկչին մի տուն, որո շինվածքը շաղախված էր աշնան գինիով, զարդարած էր գարնան ծաղիկներով, եկեղեցին ներկայացնում էր նորա թոնիրը — սրբազան կրակարանը — իսկ բոլորած լուսինը` կազմում էր այն թոնրի խուփը։ Մի տուն, որո