Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ դեպքը լսում է մի քուրդ աղա, կամենում է խաչը յուր ամրոցը տանել, որ այնտեղ լուսավորե։ Որո պատաճառով ինքը, յուր բոլոր գերդաստանի հետ, պատժվում են կատաղության ախտով, և այլն։ Այդ երգը, իբրև ծնունդ ժողովրդական սնահավատության, նշանավոր է նորանով, թե որպես ստեղծագործվում են հրաշքները։

«Հոգի և մարմին» երգի մեջ ընթերցողը տեսնում է ամբոխի հայացքը, որ նա ունի ներկա աշխարհի և առհասարակ կյանքի վերա: Երևակայելով մի փառավոր և խաղաղ ապագա գերեզմանի մյուս կողմում, մշեցին նայում է նյութական աշխարհին որպես անցավոր և փուչ բանի վերա, որո պետքերի մասին մտածելն անգամ մեղք էր։ Այդպիսի ուղղությունը նկատելի է համարյա մեր բոլոր ռամկական երգերի մեջ, երբ նոքա հայտնում են որևիցե կարծիք ներկա և հանդերձյալ կյանքի մասին։ Այդ վնասակար համոզմունքի ներշնչությունը ժողովրդի մեջ, մենք ուրիշ պատճառի չենք կարող ենթադրել, եթե ոչ այն բազմաթիվ վանքերի, ճգնավորների, և միայնակյաց աբեղաների ազդեցությունը, որոցմով շրջապատված են Մուշը և Վանը։ Եվ այդ է պատճառը, որ Տարոնի և Վասպուրականի ժողովուրդը չափից դուրս ծույլ են դեպի աշխատությունը, նոքա բավականանում են այնքանով, որ կարող լինեին վարել յուրյանց աղքատիկ ապրուստը, այլ խոսքով, նոքա արհամարհում են մարմինը, մտածելով հոգու մասին, որ ուներ ավելի փառավոր և տևողական ապագա։

Լիրիկական երգերի մեծ մասը ջանիմաններ են. այդ անունը, որ պարսկերեն նշանակում է իմ հոգյակս, տալիս են մի տեսակ պարերգի, որ երգվում է զանազան խաղերի մեջ։ Այդ խաղերը Վասպուրականի և Տարոնի կողմերում կոչվում են գովանդ, կամ գոնդ, իսկ Արարատա կողմերում յալլի: Խաղացողները երկու սեռից ևս, միմյանց ձեռքից բռնելով կազմում են բոլորակ շղթա, որ պար գալով զանազան պտույտներ և շրջաններ է գործում, իհարկե շարժմունքները հարմարեցնելով պարի եղանակին։ Պարագլուխը (յալլի բաշին) սկսում է մի ջանիման, իսկ ամբողջ խորը կրկնում է երգի ամեն մի տան վերջին տողերը միայն։ Այդ է պատճառը, որ ջանիմանների մեջ առաջին տողը կրկնվում է միշտ, օրինակ.

Ջանիման, ջանիման,

Դեհե զընկ զընկ, դեհե ջան,

Բաղնի ջան, Բաղնի և այլն։