Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևմտյան իրականությունը: Տեսության մեջ էլ նա փայփայում է արևմտյան կապիտալիզմի պաշտպանության գաղափարը, ցանկանալով նրա հաղթանակը նաև հայ հասարակության կյանքում։ Զարգացնելով նույն այս միտքը, ազգի միավորման դիրքերն ունեցող Րաֆֆին «մեր ազգի ներկա և ապագա ուժը», հակառակ գյուղացուն տրված առավելությանը, մի պահ գտնում է՝ առաջին՝ վաճառականի, երկրորդ՝ արհեստավորի և ապա երրորդ՝ մշակ, այն է՝ հողագործ դասի մեջ։ Եվ այդ այն պատճառով, որ «մշակ երկրագործը ընկած է դեռևս յուր հին նախաջրհեղեղյան հնության մեջ», որ «յուր մտավոր, գործնական և արհեստավոր գիտությամբ, մշակ դասից բարձր չէ և արվեստավոր դասը. նույն նահապետական հին դրությունը, նույն անփոփոխ, կոշտ և կոպիտ արհեստը։ Իրական, կոնկրետ պայմաններում, հավաստում է Րաֆֆին, անտեսական ու նույնիսկ բարոյական ուժը մնում է վաճառականության կողմը.— նոքա պիտի լինեն մեր հայտնի ներկայացուցիչը քաղաքական ազգերի առաջ, նոքա պիտի վերականգնեն մեր ընկած նշանակությունը մյուս ազգերի մոտ, և միևնույն ժամանակ նոքա պիտի լինեն մտրակող ուժը մեր մյուս՝ այն է՝ արվեստավոր և մշակ դասակարգի»։ Այս տողերում Րաֆֆին ամենից ավելի ուժեղ արտահայտել է իր դրական վերաբերմունքը դեպի կապիտալը, որն իբր թե պետք է օժանդակեր նաև աշխատավորական զանգվածների ինքնագիտակցության արթնացմանը։


* *
*

Րաֆֆի գրողի, Րաֆֆի հրապարակախոսի ստեղծագործության հիմնական առարկաներից մեկը — Արևմտյան Հայաստանն է, այնտեղ ապրող հայ ժողովուրդը և Թուրքիան, Հայաստանի, հայ ժողովրդի ազատագրությունը սուլթանական լծից։

Կարդում ենք «Նամակ Կ. Պոլսից» շարքը, Նրանց հեղինակը — Րաֆֆին — Կ, Պոլսում չի եղել, բայց տպագիր խոսքով երևան բերված նրա մտքերը, կյանքի երևույթների վերլուծությունները և աոաջադրած խնդիրները խոշոր նշանակություն ունեին արևմտահայ իրականության համար։

Ի՞նչ է մտածում Րաֆֆին այդ իրականության մասին։ «Անմխիթար դատարկություն»,— այսպես է բնութագրում նա Կ. Պոլսի հայ հասարակական-քաղաքական, գաղափարական-կուլտուրական կյանքը։ Լրագրությունը կտրված է գավառներից, ժողովրդի վիճակը էֆենդիներին չի հետաքրքրում, ազգային սահմանադրությունը նույն էֆենդիների կուսակցության ձեռքին մի խաղալիք է, մտավոր կյանքը, արվեստը, դպրոցները զուրկ են լրջությունից ու մասնավոր անձանց կրքերին զոհ են դառնում։ «Նորա (ժողովրդի. — Ս. Հ.) իրավունքները սարսափելի բռնաբարության ենթակա են», գրում է Րաֆֆին, նկատելով, որ հենց նրա «ուսերի վրա է բարձած այդպիսի հիմնարկությունների բոլոր նյութական ծանրությունը»։ Տիրող խավերն ընդգծում են կղերի իշխանությունը, երբ «կղերի դարը անցավ»,— բացականչում է հրապարակախոսը։ Նա ասում է. — ՄեՆք տեսանք և տեսնում ենք այն ազգերի թշվառ վիճակը, որք յուրյանց կառավարության սանձը հանձնել էին կղերին»։ Հակառակ բուրժուազիային հատկացված բարոյական նշանակության իր նախկին տեսակետին, Րաֆֆին այժմ ազգի հույսը կապում է «ազգայնության գլխավոր ուժի»— դեմոկրատական խավերի հետ։