Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացի մեր հիշածները, այդպիսի երգերը, որպես մի ժողովդական բարբառի մաքուր օրինակ, ունեն և լեզվագիտական նշանակություն։ Նոցա լեզուն, թեև չափից, դուրս աղավաղված է, այնուամենայնիվ նորա մեջ դեռ պահպանված են մեր հին լեզվի մի քանի ձևերը, ընթերցողը հանդիպում է մինչև այսօր յուրյան անծանոթ բուն հայկական բառերի, որոնց նա ոչ մի գրքի մեջ չէ տեսել։

Դառնալով դեպի այդ գրքույկի հրատարակությունը, մենք չենք կարող չհամակրել հայր Արիստակես վ. Սեդրակյանի գովելի աշխատությանը, առավել այն պատճառով, որ նա յուր դասի մեջ մի նախանձելի օրինակ է, որ յուրյան նվիրել է այդպիսի աշխատությանը։ Բայց միևնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ այդ գրքույկն ունի յուր թերություններն, այն կողմից, որ բոլոր անհասկանալի բառերի բացատրությունները գրած չեն, մանավանդ այն տողերը, ուր ամբողջ տողեր թուրքերեն կամ քուրդերեն են։ Բացի դորանից ծանոթությունների մեջ տեղ-տեղ երևում են անճշտություններ։ Որո ընդհակառակն, ոչ միայն հարկավոր էր դնել ամեն մի բառի բուն նշանակությունը, այլև անհասկանալի պարբերությունների և դարձվածների միտքը նույնպես պետք էր բացատրել։

ՀԱՍՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համարյա 8 տարի է Կ. Պոլսի մեջ հուզվում է հասունյանների և հակահասունյանների խնդիրը, բայց տակավին յուր վերջնական լուծմանը հասած չէ։ Այդ խիստ տխուր մի երևույթ է մեր հայ կաթոլիկների կյանքի մեջ, երբ լուսավոր աշխարհի ուշադրությունը դարձած է այն հարցի վերա, թե որքան բռնակալ պապականությունը վնասեց մարդկային առաջադիմության գործին, երբ ամեն մի ազգի մտածող մասը աշխատում է թոթափել իրենից Հռոմի շղթաները, և ահա Տաճկաստանում հանդիսանում է մի կուսակցություն, կնքված Հասունյանի անունով, որ կրկին մտնում է պապի—այդ համաշխարհային հրեշի—ծանր լծի տակ։

Հասկանալի է մի հերձված որևիցե ժողովրդի մեջ, որ թոթափելով իրանից հնության փոշին, ձգտում էր դեպի ավելի պարզ