Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ավելի ազատ կրոնական գաղափարները։ Բայց հասունյանների վարմունքը բոլորովին հակառակ երևույթ է ներկայացնում, մի երևույթ, որ քանի մի դարով պետք է ետ մղեր նոցա առաջադիմությունը և կրկին տաներ դեպի այն ստրկությունը, որ քարոզվում է հոգու փրկության անունով...

Մենք ավելորդ ենք համարում մտնել այդ հարցի դավանաբանական վիճմունքների մեջ. քննել նորան ազգային և հասարակական կետից։ Երբ մի փոքր հեռու հայացք ենք ձգում դեպի մեր ազգի պատմական անցյալը, տեսնում ենք կրոնափոխությունները հայերի մեջ եղած են ոչ այնքան հավատքի համոզմունքով, որքան քաղաքական նպատակներով։ Հայը, նեղված տաճիկներից, պարսիկներից և այլ բարբարոս հարստահարողներից, չէ մտածել յուր սեփական ուժերից օգուտ քաղել, նա սովորած է եղել միշտ օտարներից օգնություն մուրալ, և նորան հասնելու համար զոհել է նա մինչև անգամ յուր գոյության ամենակենսական տարերքը — յուր անկախ եկեղեցին և ազգայնությունը։

Հայերի կրոնական միության ձգտումը երբեմն Հռոմի և երբեմն բյուզանդիոնի հետ՝ նոցա քաղաքական նպատակների արտահայտությունն էր։

Հայց ի՞նչ օգուտ շահեցին հայերն այդ ընթացքը բռնելով։— Ոչի՛նչ։ Եվ այն ժամանակներում, երբ պապերի մի խոսքը վայր էր գլորում թագավորներին յուրյանը գահից և այն ժամանակներում, երբ նոցա հրամանով ամբողջ երկիրներ ողողվում էին պատերազմական արյունով, պապերի այն հզոր իշխանությունն ոչ միայն չկարողացավ ազատել հայերին թշնամիների սրից, այլ ավելի և ավելի գրգռեց թաթարների, տաճիկների և Եգիպտոսի ամիրապետների կատաղությունը, և Հայաստանը նոցա ավերմունքին զոհ դարձավ։

Այսքան դառն և արյունալից փորձերից հետո, արևմուտքից օգնություն հուսալու ցնորքը մինչև այսօր տաճկաստանցի հայերի երևակայության մեջ մեծ դեր է խաղում։ Կապված լինել Հռոմի հետ և պապի—այդ արդեն ուժից ընկած ճիվաղի—օգնությամբ գրավել Ֆրանսիայի կոնսուլների և դեսպանների պաշտպանությունը— դոքա գլխավոր շարժառիթներն էին, որք ստիպել են տաճկաստանցի հային ընդունել կաթոլիկությունը։

Չնայելով, որ այժմ Տաճկաստանի կառավարությունը այն չէ, ինչ որ էր սուլթան Մահմուդի ժամանակ, այսուամենայնիվ պապի որսորդները վաղուց ճանաչած էին հայերի մի այդպիսի թույլ