Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմը և ամենայն կերպով աշխատեցին նրանից օգուտ քաղել։ Եվ այդպիսով նոքա կտրեցին ազգի ամբողջությունից 150,000 հոգու հասնող մի հատված, որ կոչում է յուրյան կաթոլիկ և ֆրանգ անուններով և թուլացրին ազգի միության ուժերը։

Ընթերցողի ուշադրությունը դարձնելով «Մշակի» անցյալ և ներկա համարների բանասիրականի վերա, դառնանք կրկին դեպի հասունյանների և հակահասունյանների խնդիրը։ Որպեսզի կարողանանք լավ ծանոթացնել այդ երկու կուսակցությանց նպատակների հետ, հարկավոր ենք համարում հիշել, որ մինչև 1865 թիվը, այսինքն՝ մինչև Կիլիկիայի վերջին կաթողիկոս Գրիգոր Պետրոս ութերորդի մահը, Տաճկաստանի մեջ հայ կաթոլիկների հոգևոր կառավարությունը երկու թեմերի էր բաժանված, այն է՝ Կիլիկիայի և Կոստանդնուպոլսի, որք ունեին յուրյանց առանձին կաթողիկոսները և պատրիարքները։ Նոքա թեև պապի իրավասաթյան ներքո էին գտանվում, բայց դեռ բոլորովին զրկված չէին յուրյանց ազգային առանձնություններից: Նոքա պահպանել էին յուրյանց նախկին եկեղեցվո ծեսերը, ժամասացությունը և լեզուն։ Ժողովուրդն ինքն էր ընտրում յուր կաթողիկոսները, պատրիարքները և ազգապետները, ներկայացնում էր պապի և Բարձր. Դռան հաստատությանը։ Ժողովրդի ձեռքումն էր եկեղեցական կալվածների, դպրոցների, հիվանդանոցի և այլ ազգային հիմնարկությունների պահպանությունը։ Մի խոսքով ժողովուրդն ուներ յուր հասարակական և եկեղեցական անկախ կառավարությունը, նա հպատակում էր պապին, ընդունելով նորան իբրև եկեղեցվո գլուխ միայն, բայց թույլ չտալով միջամտել յուրյանց ներքին գործերում ։

Բայց Հռոմի քաղաքականությանը ընդդեմ էր հայ կաթոլիկների հիշյալ իրավունքների վայելումը, նա ամենայն ջանք գործ էր դնում խլել նրանցից յուրյանը առանձնաշնորհությունները և իսպառ հպատակեցնել Վատիկանի իշխանությանը։ Յուր այդ նպատակին հասնելու համար պապը գործիք է ընտրում Հասունյան Անտոն վարդապետին, որ 1833 թվին պրոպագանդայի դպրոցում ավարտելով յուր ուսումը, ձեռնադրվում է քահանա և վերադառնում է յուր հայրենիքը՝ Կ. Պոլիս։ Այն օրից այդ նենգավոր եկեղեցականի կյանքը ներկայացնում է մի անընդհատ շարք ինտրիգաների, խռովությունների և ապստամբությունների, որոնցմով նա անցնում է հոգևոր իշխանության ավելի բարձր և բարձր աստիճանները, և վերջապես 1867 թվին նշանակվում է կաթողիկոս և