Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ չունենք։

Կոշկակարն յուր արհեստով ապրում է. հյուսն յուր արհեստով ընտանիք է պահում. իսկ գրքերի հեղինակն յուր գլուխն անգամ պահել չէ կարողանում։ Նորա արդյունաբերությունը մի այնպիսի մթերք է, որ խիստ սակավ է գնահատվում։ Չկա մի ձեռք, որ գնելով նորա աշխատության նյութը հաղորդեր ամբոխին։

Մեր հայ գրավաճառները մեծ մասամբ օտար ազգի գրքերի առևտուրով են պարապված։ Նոքա խիստ հեռու են պահում յուրյանց այն մտքից, որ գնեին հայ հեղինակի աշխատությունը և յուրյանց ծախսով հրատարակելով տարածեին ամբոխի մեջ։ Եվ եթե նրանցից մեկը հոժարվում է գնել մի աշխատություն, այն ևս այնպիսի պայմաններով, որ հեղինակի թղթի և մելանի արժեքը չէ դուրս բերում։

Իսկ առանձին մեկենասներն մեր մեջ հազվագյուտ բաներ են։ Մեր հարուստները պատրաստ են հազարներով մսխել յուրյանց փառասիրության համար, իսկ մի հեղինակի միջոց տալ յուր աշխատությունը ի լույս ածելու, այդ նրանց համար մահ է։

**
*

Մասնավոր անձանց նվիրատվությամբ գիրք տպագրելը հաստատուն լինել չէ կարող, որովհետև զոհաբերությունը որքան գեղեցիկ բան է, այնքան և անտևողական է։

Ուրեմն, գրքերի տարածելը ժողովրդի մեջ ոչ թե մասնավոր մարդու գործ է, այլ մի կազմակերպված ընկերության գործ։

Թողնենք օտարազգիների մեջ զանազան ձևերով եղած տպագրական ընկերությունները, թողնենք Կ. Պոլսի մեջ նույն նպատակով կազմված մի քանի ընկերություններ, հիշենք միայն Վենետիկի և Վիեննայի հայ աբեղաների միաբանությունները։ Նոքա ոչ միայն ազատեցին մեր հին մատենագրությունը Հայաստանում վանքերի խորշերում փտելուց, այլև ընծայեցին մեզ թվով շատ ինքնուրույն և թարգմանական հեղինակություններ։ Նոքա մի