Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
**
*

Բոլորովին անիրագործելի բան չէ մի այդպիսի տպագրական ընկերություն, զոհաբերության սկիզբների վերա հիմնված, այնպիսի անձանց կողմից, որ այժմ մտածում են այդ մասին։ Մանավանդ, որքան մեզ հայտնի է, թեև նոքա անվերադառնալի կերպով ընծայելու են մի գումար, բայց նորա տոկոսի փոխարեն յուրաքանչյուրն միշտ և ժառանգաբար ստանալու է մի օրինակ ընկերության բոլոր հրատարակություններից։

Ներսիսյան դպրոցն ընծայել է մեր հասարակությանը, բացի յուրյանց հայրենի լեզվին հմուտ և ազգային ոգվով կրթված բազմաթիվ աշակերտներ, այլ նույն անձանց մեջ շատերը վայելում են բախտի առանձին բարիքները, — նոքա մեր քաղաքի հարստականների շարքումն են դասվում։ Որպես լսում ենք, մեծապատիվ Օնանովի համախոհները, որք մտածում են տպագրական ընկերության մասին, նույն դասակարգի մարդիք են։ Ուրեմն նրանց համար մի մեծ ծանրություն չէր լինի հոբելյանի առթիվ կազմել մի մշտական դրամագլուխ օգտավետ հրատարակությունների համար։ Այդպիսով, մի կողմից հեղինակներին միջոց կտրվեր աշխատելու, մյուս կողմից թե՛ մեր դպրոցները և թե՛ հասարակությունը զրկված չէր մնա այն գրքերից, որոց մեծ կարոտություն ունի։

Եթե պարոն Ն. Տ. Շ...ի առաջարկությունը բոլորովին կիրագործվի, այն ժամանակ մենք պատրաստ ենք հրատարակել մի ամբողջ ծրագիր հիշյալ տպագրական հիմնարկության թե՛ կանոնների և թե՛ նորա վարչության ձևերի մասին։

ԹՈԻՐՔԻԱ

Փոքր Ասիո սովը տակավին սարսափելի կոտորածներ է անում, ձմեռվա վրա հասնելը մի երկրորդ դժբախտության պատճառ եղավ ժողովրդին, ճանապարհների հաղորդակցությունները դժվարացան և խեղճ սովատանջները զրկվեցան դրսից շուտափույթ կերպով պաշարներ ստանալուց։ Ամեն կողմից բարեգործական օժանդակությունները դեռ շարունակվում են. նորին մեծ սուլթանը յուր սեփհական կայքից շնորհեց 20,000 լիրա, իսկ մայր