Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ ժողովրդի անբախտության գլխավոր պատճառը քրդերը, չերքեզները և կամ այլ ազգերը չեն, այլ նրա տնտեսական քայքայումը, աղքատությունը։ Րաֆֆին հայ հասարակության փրկությունը վերջ ի վերջո տեսնում է հողի մեջ։ Այս միտքը նա արտահայտում է բազմիցս և այսպես. —«թե մի ազգ, որ յուր կյանքի պահպանությունը չէ հիմնած հողի արդյունաբերության վերա, նա ոչ միայն երկար ապրել կարող չէ, այլ չէ կարող ազգ համարվել»։ Կամ.— «Մի ազգի գլխավոր հիմքը է հողը, իսկ նորա գլխավոր ուժը գտանվում է երկրագործ և արդյունաբերող դասի մեջ»։ Արևմտյան Հայաստանին, Թուրքիային, այնտեղ ապրող ժողովուրդների փոխհարաբերություններին նվիրված հոդվածներում Րաֆֆին քայլ առ քայլ բացահայտում է բազմաթիվ տխուր երևույթներ։ «Թուրքիա» հոդվածում, նա, օրինակ, ամբողջ ուժով ընդգծում է հայ գյուղացու պանդխտության ողբալի փաստը, հարձակվում է այդ ողբերգության օրերին աղոթող կղերի վրա «խավարասերներ, միշտ դեպի հինը, միշտ դեպի հետ, բայց ոչ երբեք մի քայլ առաջ» խոսքերով, և ինչպես այս, այնպես էլ «Տարոնի և Վասպուրականի անցյալ և արդի վիճակը» ընդարձակ շարադրության մեջ վերստին անդրադառնում է իր այս մտքին,— հիմնվել հաստատ հողի վրա, գործ ունենալ բնության հետ, ծաղկեցնել երկրագործությունը» «Դա Տարոնի և Վասպուրականի հայերի փրկության միակ ճանապարհն է»,— գրում է Րաֆֆին «Գժատուն» հոդվածում, նորից նույն հարցը, հայ գյուղացու քայքայման, նրա գաղթականության ծանր ու կնճռոտ խնդիրը և միևնույն եզրակացությունը.— «Մարդու կյանքը կապված է բնության հետ, և նորա մայրը — է հողը։ Եթե հայր կամե ապագա և կյանք ունենալ, նա պետք է յուր ապրուստը հիմնե հաստատուն հողի վերա, և այդ հողը թո՛ղ լինի այն, որ սրբված և գնված է մեր նախահարց արյունով...»» Կարևոր նշանակություն է տալիս հրապարակախոսը հայ ժողովրդի հայրենասիրությանը, գտնելով այդ հայրենասիրության արմատը նրա ժառանգությունը հանդիսացող հողի վճռական նշանակության մեջ։

Հայրենի գյուղի կործանման պրոբլեմը բազմակողմանի քննության խնդիր է դառնում «Տեղեկագիրք գավառական հարստահարությանը» լայնածավալ հոդվածում։ Րաֆֆին այստեղ հարցը դիտում է իր ամբողջ բարդությամբ՝ Թուրքիայում տիրող պետական, դատական սիստեմի և ազգային ճնշման պայմաններում։ Նա նուրբ և խոր դիտողություններ է անում հասարակության սոցիալական կառուցվածքի, շերտավորման և Ժողովուրդների փոխհարաբերությունների մասին։ Ծագում է հայ ժողովրդի պաշտպանության հարցը օտար լծի դեմ։ Արտաքին թշնամու՝ օտար լծի դեմ պայքարելու միջոցը Րաֆֆին համարում է ակտիվ անձնապաշտպանությունը՝ զենքը ձեռքին։ Նա ակտիվ գործունեության կոչ է անում, ծաղրում է ազգային սահմանադրությունը և նրանց, որոնք հայ ժողովրդի ներքին թշնամիներն էին։ Սրանց՝ ներքին թշնամիների, թվին են պատկանում նաև վաճառականները, ա՛յն վաճառականները, որոնց Րաֆֆին հատուկ դեր էր հատկացրել։ Այժմ Րաֆֆին գրում է. «Նա այնտեղ է, ուր նրա շահերն են գտնվում. Վաճառականը հայրենիք չունի, նրա հայրենիքն, այնտեղ է, ուր արծաթ կա։ Վաճառականը հասարակաց շահերի համար չէ մտածում, նա եսական է»։ Ժողովրդի ներքին թշնամիներն էին տիրող խավերի։ Եթե Ֆրանսիայում, նշում է Րաֆֆին, ռևոլուցիոն շարժումները նպաստում են հասարակության զարգացմանը, ապա մեզանում դրանք զոհաբերվում են «էֆենդի աղաների չար կրքերին։