Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանիքը, և տասն-քսան տարիներով մաշվել օտարության մեջ, փոխանակ մտածելու այն միջոցների մասին, որոնք հնար տային գաղթողներին մնալ իրանց հայրենական հողի վերա և հաստատուն ապրուստ ունենալ. ժողովը յուր վճիռով տերտերներին և մղդսիներին է դիմում... Ահա ինչպես են օգուտ քաղում մեր զարգացած պոլսեցիք Սահմանադրության արտոնությունից...

Գաղթականության հարցը ամենագլխավոր տեղն է բռնում Տաճկաստանի հայերի վիճակի մեջ։ Ամեն տարի հազարավոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղեշից, Կարինից և այլ գավառներից, դիմում են դեպի Կ. Պոլիս իրանց ընտանիքի համար ապրուստ շահելու։ Այդ հոսանքը գնալով ավելի ընդարձակ քանակություն է ստանում, քանի նույն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժվարանում են։ Ցավալին այն է, որ պանդուխտներից շատ քչերին է հաջողվում վերադառնալ յուր հայրենիքը. մեծ մասը կորչում են մայրաքաղաքի մեջ, թողելով հազարավոր անբախտ և անխնամ ընտանիքներ...

Չենք հիշում, թե որքա՞ն է վնասում գաղթականությունը մեր ազգի աճելությանը, իսկ ավելի զգալի կորուստ է այն, որ հայ ազգաբնակությունը հեռանում է յուր բնիկ կենտրոնից, որի վերա պետք է հաստատված լիներ նրա կյանքը և ապագան։ Որ նա յուր հայրենական հողից ստանար յուր ծնունդը և ոչ մեծ քաղաքներում համալություն աներ։ Ահա գլխավոր խնդիրը, որո վերա պետք է ուշադրություն դարձներ Ազգ. ժողովը։

Վսեմափայլ Երեմյան բեյը շնորհեց մի նշանավոր գումար ազգային սնդուկի պարտքերը վճարելու համար։ Բարեգործությունը միշտ գեղեցիկ բան է, այդ պատճառավ էլ Պոլսի լրագրությունը ջերմ խնկարկություններ է անում։ Մենք խորհուրդ կտայինք ուշադրություն դարձնել այն հարցի վերա, որ Ազգ. վարչությունը կանոնավորեր յուր անհաշիվ տնտեսությունը, որ մյուս անգամ նրա սնդուկը մի նոր Երեմյանի օգնության կարոտ չմնար։

Խրիմյանի բողոքը յուր վերա դրած ծանր զրպարտությանց մասին մնաց առանց հետևանքի։ Խե՜ղճ հայրիկ, մխիթարեցեք ձեզ նրանով, որ այդպես է մի անզարգացած հասարակության մեջ գործիչների վախճանը... Շա՜տ ապրի Պոլսո լրագրությունը, նա մի մարդու գործունեությունը քննելու ընդունակություն չունի, իսկ նրան անձնապես մրոտելու վարժված է...

Կ. Պոլսի լրագրությունը բացարձակ հայտնում է, թե Խրիմյանին յուր աթոռից գլորելու համար, մի նշանավոր տեղից 25,000