Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորենացին մեզ ավանդեց մեր նախնյաց պատմությունը, իսկ այդ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ լոկ ազգահամար իշխող տների։ Խոսվում է նրանց գործունեության մասին, երբ պատերազմ կա, երբ հաղթում են, կամ հաղթվում են։ Իսկ թագավորի ներքին գործերի, նրա օրենսդրության և կառավարչական ձևերի մասին գտնում ենք խիստ աննշան տեղեկություններ։ Պետությունը կազմող մարմինը—ամբոխը—չէ մտնում նրա պատմության մեջ. ժողովրդի ընտանեկան և քաղաքական կյանքից մենք ոչինչ չենք գտնում։

Նույն մեթոդին հետևեցին մեր և մյուս պատմագիրները։

Թողյալ այդ, Խորենացին,— ակնարկելով յուր ժամանակի «գողթան, թվելյաց, ցցոց, վիպասանաց» երգերի մասին, հիշելով հին զրույցները և ավանդությունները,— տալիս է մեզ մի քանի կտորիկներ միայն այն թանկագին ժառանգությունից, որոնց ամբողջությունը կարող էր լույս գցել մեր ազգի խորին առասպելավիպական անցյալի վերա։

**
*

Արդյոք, մենք ևս նույն մեղադրանքներին չե՜նք ենթարկվելու, ինչով դատապարտում ենք մեր նախնիքներին, եթե զրկենք ապագա սերունդը գրականության այդ մասնից։

Մի այնպիսի անշարժ ազգ, որպես եղել է և է հայը, նրա կյանքի ձևերը շուտով չեն փոխվում։ Մինչև այսօր պահպանել է նա յուր հին սովորությունները, մինչև այսօր նրա կյանքը լի է նախապաշարմունքներով։

«Գողթան երգիչների» բամբիռը դեռ ոչ բոլորովին լռել է Հայաստանում. աշուղները և այսօր հիշեցնում են հին վիպասաններին։ Այդ կույր Հոմերոսները[1] ժողովրդական բանաստեղծներ են։ Աշուղը, ժողովրդի սիրելին, յուր սազն առած, թափառում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երգում է ու հեքիաթներ է ասում։ Աշուղը գրագետ մարդ չէ, բայց նա բերանացի գիտե ամբողջ վեպեր. նա հանպատրաստից հորինում է ամբողջ երգեր, նրա հոգու բխմունքը արտահայտություն է ժողովրդական ոգևորության։

  1. Աշուղ պարսից էշխ բառիցն է, որ նշանակում է բանաստեղծական ոգևորություն: Աշուղներ կոչվում են և ժողովրդական երգիչները կամ սիրահարները: Հայոց աշուղները մեծ մասամբ լինում են կույր մարդիք, երևի նորա համար, որ կյանքի մեջ ուրիշ պարապմունք չգտնելով, իրանց նվիրում են բանաստեղծության: