Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարավանը[1], նրա զորքերը, որոնք աստուծո հրամանով քար դարձան»: Նա ասում է` կռապաշտ թագավոր էր Բելը, իրան աստուծո տեղ դրեց և եկավ մեր թագավորի վերա կռիվ: Աստված պատժեց նրան, և մեր թագավորին զորություն տվավ, Բելին սպանեց: Նրա մարմինը վեր հանեց Նեմրութա սարի գագաթը, այնտեղ թոնիր փորեց, և դիակը մեջը կախելով, այրեց: Աստուծո հրամանով կրակը ջուր դարձավ և մոխիրը ջրի տակն անցավ, չլինի՞ թե նա երկրի վերա ցրիվ գա և աշխարհը ապականե:

Ով որ տեսնե Նեմրութա սարի դիրքը և նրա կաթսայաձև գագաթը, ուր կանգնած է փոքրիկ լճակ, կհամոզվի, թե որքան գեղեցիկ հարմարացրած է այդ ավանդությունը մեր պատմության առասպելական սկզբի հետ:

Խորենացին ասում է` «Հանյալ կախե ի լյառնե մի բարձր զմարմին Բելա ի տեսիլ կանանց և որդվոց»: Շատ կարելի է, որ Հայկը Բելի դիակը որպես յուր քաջության առարկան, յուր գերդաստանին ցույց տալեն հետո, հեթանոսական օրենքով այրեց նրան:

Շատ հավանական է տեղացիների կարծիքը, թե Նեմրութա գագաթի լճակի ջուրը, սարի տակովն անցնելով կազմում է Մեղրագետի ակը: Եվ արդարև, Նեմրութա սարից ոչ այնքան հեռու գետնի խորությունից շատրվանաձև դուրս է ժայթքում ջրի ահագին կիտվածք, որտեղից սկիզբն է առնում հիշյալ գետը և անցնում է Մշու դաշտի միջով:

Թե Բելը և Նեբրովթը նույն անուններն են համարվում, որպես մեր պատմության, նույնպես և ժողովրդական ասացվածքների մեջ, դրանում տարակույս չկա: Հայաստանի մյուս մասներում, օրինակ Ղարաբաղի և Ղարադաղի կողմերում, Բելի անունը առակ է դարձել. յուր հպարտություններով հիմարացած մարդուն հայը միշտ ասում է` «բելացել է», այսինքն` Բելի բնավորությունն է ստացել:

Հայկա անունը և հիշատակը նույնպես մոռացված չէ: Վասպուրականից, նրա քաջագործությունքը դեռ թողել են իրանց հետքերը: Այնտեղ է «Հայկա կամ Հայոց ձորը» — Բելի և մեր դյուցազնի պատերազմի դաշտը: Վանա քաղաքից դուրս մի արվարձան մինչև այսօր կոչվում է Հայկավան: Հայկա ձորի մեջն է Տըրշող

  1. Դրանք մի շարք ցցված ժայռեր են, որոնք հեռվից ուղտի քարավանի պատկեր են ներկայացնում։