Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՉՈՐՍ ԵՂԲԱՐՔ



Չորս եղբարք են. ամեն տարի
Երկրիս վըրա ման են գալի.
Չորսն էլ ջոկ֊ջոկ ունին հասակ.
Պարգևներն են հազար տեսակ։

Առաջինն է պատանի,
Բողբոջ, տերև, սաղարթ ունի,
Պայծառ արև, կանաչ արոտ,
Որոնց տըղայք են միշտ կարոտ։

Երկրորդ եղբայրն է երիտասարդ,
Տալիս է մեզ անձրև առատ,
Ծաղկունք ցանում է ամեն դի,
Հույս է տալիս առատ հընձի։

Երրորդ եղբայրն այր չափահաս,
Մրգերով լի ունի մի թաս,
Բաժանում է տըղոց յուր գանձ`
Ծիրան, խնձոր, խաղող ու տանձ։

Չորրորդ եղբայրն է ծերունի,
Ցուրտ ու խավար շալկած ունի,
Այգի, անտառ ամայացուց,
Դաշտ և արոտ ձյունով լըցուց։

Գիտե՞ն արդյոք հայ տըղերքը,
Որոնք են այս չորս եղբարքը.
Եղանակներն են սոքա մեր`
Գարուն, ամառ, աշուն, ձմեռ։