Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հալվաներ կուտեր նա ախորժակով,
Գինի կըխմեր մեծ-մեծ բաժակով։
Դըրան մոտ կայնած էին զինվորներ,
Ձեռքերուն բըռնած սուր-սուր կացիններ։
Ծերունին երբ որ պառավին տեսավ,
Ահով ու դողով ոտքերուն ընկավ.
«Բա՛րև քեզ, ասաց, դըշխո. փառավոր,
Ահա՛ քեզ տեսա իսպառ բախտավոր...»
Պառավը էրկա վըրա չի նայեց,
Միայն դահլիճեն փախ-տալ հրամայեց։
Նախարարները վըրա-վազեցին,
Ծերուկին ծեծով արտաքս հանեցին.
Դռնապաններն ալ` ձեռքերը կացին,
Մազ-մընաց խեղճին որ չի մորթեցին.
Իսկ ժողովուրդը վերցուց աղաղակ,
Ծաղր ու ծանակով արավ խայտառակ,
«Օ՜խ, հիմար, ասաց, միշտ խելք սովրեցի՛ր,
Ու մյուս անգամ պատիվդ գիտցի՛ր»։

Դարձյալ կես ամիս որ նորեն անցավ,
Պառավը արդեն իսպառ կատղեցավ.
Նախարարներեն հրամայեց մեկին,
Որ երթա, գըտնե, բերե ծերուկին։
Երբ եկավ ծերը՝ կինն ասաց նորան.
«Ահա՛ լըսե՛ դու իմ խիստ հըրաման.
Գընա՛ ու գիտի՛ր դու ոսկի ձըկան,
Ալ սիրտը չուզե, ասա՛, իմ կընկան
Երկրի վրա լինել ազատ թագուհի,
Այլ կուզե լինել ծովի տիրուհի.
Ովկիանոս-ծովի մեջ կուզե կենալ,
Ոսկի ձուկիդ ալ ծառա ունենալ»։
Չհամարձակվեցավ խեղճուկ ծերունին,
Հակառակ մեկ խոսք ասել պառավին.
Գըլուխը կախած գընաց դեպի ծով,
Տեսավ, որ ծովը սաստիկ էր խըռով։
Ահեղ կըգոռար կատղած փոթորիկ,