Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրում,— կրկնեց Սեյրանը դառնագին, երկու ձեռներով յուր գլխին խփելով։

— Համբերի՛ր, կտեսնես։

— Համբերեմ, որ տեսնեմ, թե ինչպես իմ սիրածին ուրիշն է տանում, չէ, Սուսան, այդ տանջանքը ես տանել չեմ կարող։

— Դե հերիք է, Սեյրան, էլ ուրիշ ասելիք չունեմ։ Մի բան եմ խնդրում քեզանից, Սեյրան, եթե ինձ սիրում ես, այսուհետև էլ ինձ վրա նամակներ չգրես։ Այն օրվա քո նամակը իմ ձեռը չէր ընկել։ Դու երեխայաբար պատուհանից էիր ներս գցել հենց այն ժամանակ, երբ հայրս պատուհանի առաջ կանգնած էր։ Նա վերցրեց նամակդ և տվավ եղբորս կարդալու։ Ես նրա մեջ գրված տողերի չափ հարվածներ ստացա։ Դե, էլ այսուհետև չսխալվես։ Ես առանց նամակի էլ գիտեմ քո դրությունը։ Ե՛կ, մոտեցիր, վերջին անգամ մնաս բարով անենք։

Սուսանը ուժով թեքեց Սեյրանի գլուխը դեպր յուր կուրծքը և մի տաք համբույր դրոշմեց նրա ճակատին։ Արտասուքի երկու խոշոր կաթիլներ, գլորվելով նրա վաղաթառամ երեսով, ընկան Սեյրանի այտերի վրա։

—Քարասի՛րտ աղջիկ, քանդեցի՛ր տունս, մնաս բարով, ի՛նչ որ ինձ պատահի, ալսուհետև մեղքը քո վզին,— ասաց Սեյրանը, երեսը շուռ տվավ և խոհանոցից դուրս եկավ։

— Մի՛ նեղանար, համբերիր և կտեսնես, գնաս բարով,— պատասխանեց Սուսանը խեղդված ձայնով։

XIII

Վիրավորված սրտով, փշրված հույսերով Սեյրանր բաժանվելով Սուսանից, տուն չվերադարձավ։ Նա դժվարությամբ բարձրացավ պարսպի վրա, ցած իջավ սանդուխքով դեպի իրանց բակը, սանդուխքը կրկին դրեց յուր առաջվա տեղը, դուրս եկավ փողոց։

Գիշերից բավական անցել էր, փողոցներում ոչ ոք չէր երևում։ Սեյրանը քայլերն ուղղեց դեպի ներքին փողոցը։