Նա գնում էր գլխակոր, թույլ և անհաստատ քայլերով, անգիտակցաբար, առանց ինքն իրան հարցնելու, թե ո՛ւր է գնում և ինչո՛ւ է գնում։
Ուրեմն այդպես, Սուսանին նրա ձեռից խլում են և տալիս են Քոչարյանց Ռուստամին, այն «սև երես», «այրեժառ», «սատանայի կերպարանք ունեցող» Ռուստամին։ Իսկ Սուսա՞նը։ նա էլ հոժար է գնալու, նա վախենում է Սեյրանի հետ փախչելուց։ Դատարկ բան է, նա սուտ է ասում, թե յուր ծնողների նամուսն է պահում։ Ո՛չ, նա չի սիրում Սեյրանին, չի սիրում, եթե սիրեր, ուրախությամբ ձեռը կտար նրան և կասեր, «ա՛ռ, տար ինձ, Սեյրան, ուր որ ուզում ես, ես քոնն եմ, ես ոչ ոքից չեմ վախենում»։ Քի՛չ են պատահել այդպիսի բաներ, քիչ է պատահել, որ տղան աղջկան փախցնի նրա ծնողներից։ Քարասիրտ աղջիկ, դու հոգի չունիս, սիրտ չունիս, չես իմանում, թե Սեյրանը ինչքան է չարչարվում քեզ համար։ Չէ՛, եթե դու իմանայիր, այդպիսի պատասխան չէիր տալ։ Դու կընկնեիր Սեյրանի գիրկը, լաց կլինեիր, արտասուքով կողողեիր նրա ձեռները, կաղաչեիր, կպաղատեիր, որ քեզ ազատի քո հոր ճանկերից։ Ախ, Սուսան, Սուսան, այս ի՛նչ օրի հասցրիր Սեյրանին. ուրեմն դու մոռացա՞ր այն գիշերվա խոսքերդ. «Սեյրան, ես քեզ սիրում եմ և հավիտյան չեմ մոռանալ»։ Որտե՞ղ մնաց քո այդ սերը, հիմա ինչո՞ւ Սեյրանի վիզը կտրեցիր և գիշերվա կիսին գցեցիր փողոցները։
— Ո՞ւր եմ գնում և ինչո՞ւ, խելքս կարծես տեղը չի,— արտասանեց հանկարծ Սեյրանը, ընդհատելով յուր մտածմունքները։
Նա փողոցի մեջտեղում կանգ առավ և նայեց յուր չորս կողմը։ Ոչ ոք և ոչինչ չկար, բացի գիշերային խավարից։ Մի քանի վայրկյան նա մնաց կանգնած, հետո դարձյալ շարունակեց յուր ճանապարհը։ Ինչե՜ր է մտածում նա, հը՞մ, մի՞թե Սուսանը կարող է մոռանալ Սեյրանին, մի՞թե չի սիրում։ «Հապա ինչո՞ւ է այդ օրն ընկել, այդպես լղարել, մաշվել»։ Ո՞րտեղ է այն առաջվա Սուսանը։ Նա չկա, նրա միայն կմախքն է մնացել։ Ա՜խ, տեր աստված, ինչպես է փոխվել խեղճ աղջիկը այս երեք ամսվա մեջ։ Աչքերը փոսերի