և նրա մտածմունքները փարատեց։ Փողոցի մյուս անկյունից էր լսվում այն ձայնը։ Այդ թառի մեղմ հնչյուններ էին, որոնք պարսկական երգչի հանդարտ կլկլոցների հետ խավար մթնոլորտի մեջ տարածվելով, հասնում էին Սեյրանին։ Որտե՛ղ է այդ ուրախությունը, ի՞նչպիսի բան է։ Որտեղ որ է, թառը մոտ տեղումն են ածում, բայց ձայնը, կարծես, խեղդված է և գետնի տակից է դուրս գալիս։
Սեյրանը բարձրացավ տեղից և դիմեց դեպի այն կողմ, որտեղից գալիս էր երաժշտության ձայնը։ Այս ու այն կողմ նայելով, նա հասավ փողոցի հանդիպակաց անկյունը։ Այստեղ նրա հայացքը ընկավ դեմուդեմ շինության ներքին հարկում գտնվող մի ցած նկուղի վրա։ Սեյրանը նկատեց, որ նկուղի փոքրիկ պատուհանից դուրս են թափվում աղոտ լուսո ճառագայթներ։ Սա գինետուն էր, անշուշտ՝ երաժշտության ձայնը այստեղից էր դուրս գալիս։ Իրավ որ, նա որքան մոտենում էր գինետան, այնքան երաժշտության ձայնը զորեղանում էր։ Վերջապես Սեյրանը բոլորովին մոտեցավ և կռացած սկսեց զգուշությամբ պատուհանից դեպի ներս նայել։ Այս միջոցին երաժշտությունը դադարեց։ Բարձրացավ գոռում, գոչում, աղաղակ։
— Ադա հուռռա՜։
— Ադա հուռռա, հափ-հափ...
— Կոճերի կենացը։
— Կոնծեցե՛ք։
— Թամրազ, մի բաժակ էլ էն Մադրասի գինուց ածի։ Հափ-հափ հուռ...
— Խամուշ, խոսքը թամադինն է։
Մի քանի վայրկյան աղմուկը դադարեց։ Սեյրանը պատուհանից նկատեց, որ ներսում սեղանի շուրջը նստած երիտասարդներից մեկը բարձրացավ ոտքի վրա, մի բաժակ գինի ձեռում պահած։
— Թամադան է, տեսնենք ի՞նչ է խոսելու,— մտածեց Սեյրանը և ականջը սեղմեց պատուհանի ճեղքին։
— Տղերք, ես մեռնեմ լոթիանա, էս թասն էլ խմենք մեր էն ջահիլի կենացը, որը ինքն էստեղ չի, ամա սիրտը էստեղ է, հափ-հափ։