Սուսանը դռան ճեղքից ներս նայեց։ Գյուլնազը արտասվում էր։ Վերջին երեք ամիսները նա մի անգամ էլ չէր արտասվել, չնայելով իր դառն վշտերին։ Աղի արցունքները բուռն զորությամբ մի անգամից դուրս թափվելով նրա խորը թաղված աչքերից, կարկտի պես գլորվում էին նիհար ու մաշված երեսով։
Բարխուդարը չէր արտասվում։ Սեզերը ոլորելով և երբեմն կրծոտելով, նա մոլոր հայացքով սենյակի կոճերին էր նայում։
— Մայրս լաց է լինում, հայրս ո՛չ,— մտածեց Սուսանը։—Բայց ի՞նչպես հայրս սփրթնել է, ինչպես նրա պռոշները կապույտ կապտել են։ Օօ՛օ՛, քեզ պես մարդն արտասվել չգիտե, քո բնավորությունից հեռու է սրտի վշտերը արտասուքով արտահայտելը։ Դու քո արցունքները բաց ես թողնում ներս, սրտիդ մեջ, որ ավելի բորբոքեն ցավերդ։ Օօ՛օ, ես իմանում եմ, դու մորիցս շատ ես տանջվում, այդ, երևում է քո վառված աչքերից։ Խե՛ղճ մարդ, ինչո՛ւ ես քո օրը սևացնում։ Տեր աստված, մի հնար ցույց տուր, որ ես իմ ծնողներին ազատեմ այդ տանջանքից։ Եկ, ներս վազեմ, ընկնեմ հորս առաջ, արտասվեմ, ներողություն խնդրեմ, ամեն բան նորից պատմեմ, ասեմ... ասեմ սխալվել եմ, հայր, բաշխիր։ Բայց օօօ՛, ի՛նչպես ասեմ, ինչպես երեսս կպատի նրա առաջ այսպես խոսելու և ի՛նչ մեղք ունիմ։— Չէ, ավելի լավն է, ես հենց վաղը առավոտը մորս հետ առանձին կխոսեմ։ Ես մորս կհավատացնեմ, որ Սեյրանին չեմ սիրում, թե ուզում եմ ուրիշին գնալ։ Այդ ամենից լավն է, խեղճ կնիկը կհանգստանա, էլ չի չարչարվիլ։
— Լսի՛ր, ինչ եմ ասում,— ընդհատեց լռությունը Բարխուդարը,— լաց լինելլով բան չես կարող առաջացնել, լավն է մեր գլխի հոգսը խելքով տեսնենք։ Բանը վաղ թե ուշ պիտի վերջացնենք։ Շըպպանիկ է, ինչ զահրումար է, որ ասում ես շաբաթը հինգ անդամ գլխիդ է գալիս Ռուստամի կողմից, էգուց կամ մյուս օրը թե որ մեկ էլ եկավ, ասա՛, որ ես ղաբուլ եմ Սուսանին տալու։
— Ռուստամի՞ն։
— Հա, հենց Ռուստամին։ Թե որ ուզում են, թող հենց