որի մութ-կապուտ գույնը նշան էր նրա այրիության։ Իսկ նրա գլխի պաճուճանքը բաղկանում էր տեղական բարակ նրբագործ, մետաքսյա նախշուն թաշկինակից, մանիշակագույն թոռից և մի սևագույն բրդե շալից։ Այս բոլոր պաճուճանքի տակից գլխին անմիջապես կապած էր ճութղին, որի տակից երևում էին հինայով ներկած մազերը։
Սանամ խանումը մենակ էր։ Նրա միակ որդին, Ռուստամը գտնվում էր օտարության մեջ։ Երկրաշարժից հետո, երբ առևտուրն ընկավ Շամախում, Ռուստամը հավաքել էր յուր ապրանքները և գաղթել Թեյմուր-խան-Շուրա, ուր արդեն երեք տարի էր ապրում էր։ Որովհետև Սանամը բացի Ռուստամից ուրիշ զավակ չուներ, մի առանձին դառնություն էր նրա համար միակ որդու բացակայությունը։ Մի ծանր սուգ էր Սանամի համար այն օրը, երբ Ռուստամը ուղևորվեց դեպի օտարություն։ Խեղճ մայրը բոլոր յուր հնարները գործ դրավ, բոլոր յուր պերճախոսությունն սպառեց, որպեսզի որդուն համոզի չթողնելու հայրենի քաղաքը։ Ոչինչ չօգնեց։
— Շամախում առևտուրը հաց չի տալիս, հիմա էլ հարկավոր է, որ բախտս ուրիշ քաղաքներում փորձեմ ուրիշների պես,— ասում էր Ռուստամը։
— Ինչո՞ւ ես ուրիշներին մտիկ անում, բալաս, նրանք արխա ունեն, քեզ պես մեն-մենակ չեն։ Դու որ գնում ես, բաս ինձ ումի՞ ումուդին ես թողնում։
— Կգնամ Շուրա, գործերս քիչ ժամանակում կարգի կբերեմ, ու հետո կգամ, քեզ էլ ինձ մոտ կտանեմ։
— Այդ էր պակաս, ծերությանս օրերում օլքա-օլքա ընկնեմ, որ այս չորացած ոսկորներս ղարիբ երկրներում ցիր ու ցան լինեն։ Լավն է այստեղ պապերիս օջախի մոտ քաղցած, ծարավ մեռնեմ, քան ղարիբութենում ոսկի արծաթի մեջ ապրեմ։ «Ինչ եմ անում ոսկի տաշտը, եթե մեջը պիտի արյուն թքեմ»,— ասել են մեր պապերը։
— Չեմ իմանում, ինչ քաղցր բան կա «Խարաբաշահարի մեջ»։ Տեսնում ես, որ քար քարի վրա չի թողնում աստված։ Գիշեր ու ցերեկ սիրտներս եղի պես հալվում է, թե հենց այս է — պիտի տակն ու վրա լինի։ Լավ չէ՞, որ մի անգամ այս անիծված քաղաքից դուրս գնանք ու պրծնենք։