Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մի ասի, որդի, մարդուս հայրենական հողը քաղցր է, ո՛ւֆ քաղցր։ Մարդ, որ սովորել է նրան, էլ չի կարող ուրիշ հողում ապրել։ Տեսնո՞ւմ ես, բալա, ծիծեռնակներին։ Աստվածությունը էնենց է ստեղծել էն պստիկ արարածներին, որ նրանք էլ իրանց օջախը սիրում են։

Սիրում են, բայց տեսնում ե՞ս, որ նրանք էլ հիմա թողել են իրանց բունը ու թռել ուրիշ քաղաքները։

— Կգան, էլի կգան, իրանց կարճ խելքով հասկանում են իրանց պապական օջախի գինը։ Որ սպանես, նրանք ուրիշ տեղ չեն գնալ, էլի իրանց հին բները կգան։ Հիմա, բալաս, ծիծեռնակը թռչուն լինելով, որ էդքան սիրում է իր բունը, հապա մա՞րդը։

— Տասն անգամ ասել եմ, էլի ասում եմ, որ պապական հող, հայրենական օջախ, չգիտեմ էլ ինչ զիրթ ու զիբիլ, դրանք դատարկ բաներ են։ Մարդու պապն էլ, հայրն էլ, օջախն էլ այնտեղ է, ինչ տեղ որ աշխատանք կա, փող կա։ «Որտեղ հաց, այնտեղ կաց»։ Շամախում հաց չկա, չկա ու չկա։ Այստեղ փողը ձիավոր է դառել, մարդը ոտավոր, վազ տուր, հա՛, հա վազ տուր, որ չես կարող հասնե՜լ։ Էլ մի՛ երկարացնի, ասածս ասած է, կարճ կապիր։

Այս խոսքերից հետո Սանամ խանումը այլևս չկարողացավ հակառակել Ռուստամին, ճանաչելով որդու բնավորությունը։ Մի օր նա դառն արտասուքով ճանապարհ դրավ միակ զավակին օտարություն։

Եվ ահա երեք տարի էր, որ Ռուստամը Շամախուց հեռացել էր, Ա այս երեք տարվա ընթացքում Սանամը մի անգամ ևս չէր տեսել նրա երեսը։ Ծանր և վշտալի էր նրա համար մենակությունը։ Նա նամակ նամակի հետևից էր ուղարկում, աղաչում էր, խնդրում էր, որ գոնե մի անգամ, կարճ միջոցով, որդին գա մոր հետ տեսակցելու։ Ռուստամը միշտ պատասխանում էր, թե այս ամսին կգա, մյուս ամսին կգա, այս գործը վերջացնի — իսկույն կուղևորվի, մյուսը վերջացնի — կգա։ Եվ այսպես նա ամբողջ երեք տարի խոստանում էր ու չէր գալիս։

Վերջին ժամանակները Սանամը շատ ուրախ էր։ Ռուստամից երկու ամիս առաջ մի ուրախալի նամակ էր ստացել։