Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է ընկնում այն գիշերվա յուր վարմունքը։ Այդ ինչ մի չար ուժ էր, որ ստիպեց նրան դիմել այդ սարսափելի միջոցին։ Տեր աստված, տեր աստված, ի՞նչ հետևանք կունենան Սեյրանի խոսքերը, ի՞նչպես կտանի Ռուսաամը այդ խայտառակությունը։ Օօ՛օ, Սեյրանը գիտե, գիտե, նա լսել է Ռուստամն ինչ բնավորության տեր մարդ է։ Ասում են, թե նա հենց այս գիշեր ճանապարհ է ընկել դեպի Շամախի։ Ինչո՞ւ։ Հըմ, ինչո՞ւ։ Ով լիներ Ռուստամի տեղը, որ մի րոպե մնար։ Նա կատաղի, ինքնասեր, կիսավայրենի լեզգիների մեջ ապրած մարդ է, նա համբերել չէր կարող մանավանդ ուրիշների մոտ, մանավանդ յուր ընկերների մոտ, որոնց հարգանքը նա միշտ վայելել է իբրև մի պատվասեր, մի նամուսով մարդ։

Սեյրանը ծխախոտը ձգեց մի կողմ, յափունջին քաշեց ուսերին, բարձրացավ տեղից և սկսեց օթևանում շրջել հետ ու առաջ։

— Հապա, այ ինչ ասել է նամուս,— շարունակեց ինքն իրան խոսել Սեյրանը,— Ռուստամն անպատճառ գնաց տեղեկանալու, ստուգելու իմ հայտնած գաղտնիքը։

Գաղտնիքը ստուգելու է, նա տեսնելու է Սուսանի կրծքի խալը։ Օհ, եթե հնար լիներ այդ խալը հենց այս րոպեին ջնջելու։ Այն ժամանակ ինչո՞վ կվերջանար բանը։ Այն ժամանակ Սեյրանն ինքը կկորչեր։ Բայց, արդյոք, ավելի լավ չէ՞, որ Սեյրանն ինքը կորչի, քան թե, քան թե, այո՛, մի անմեղ, մի անարատ արյուն թափվի։ Չէ, արդեն ուշ է, բանը բանից անցել է։ Ռուստամը տեսնելու է խալը, իսկ տեսնելուց հետո ինչ կանի նա—այդ Սեյրանի համար շատ պարզ է։

«Ո՜ւֆ»,— խորը հառաչեց Սեյրանը, աջ ձեռով մի ուժգին հարված տվավ ճակատին և մնաց օթևանի մեջտեղում անշարժ։ Սուսան, այդ ի՞նչ չարություն էր, որ նա արավ քեզ, չէ՞ որ դու արդար ես ինչպես մի անմեղ երեխա, մաքուր ես, ինչպես այսօրվա արեգակի լույսը։ Ի՞նչ տեղ հասցրեց քեզ քո հավատարմությունը։

Չէ՞ որ նա Սուսանին սիրում էր, չէ՞ որ հենց այս սերն էր, որ տանջում էր նրան։ Բայց ինչպես պատահեց, որ մի ամսվա ընթացքում այդ սուր սերը սուր ատելության