Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձել, ոսկորներս համրել կարելի է,— ասում էր նա ինքն իրան, ձեռները սեղմելով և բանալով։

Մի րոպեի չափ նա պարապեց յուր ձեռներով, հե՛տո դրեց կռնատակին և ընկավ մտածմունքի մեջ։

Դեռ երեկ գիշեր Սուսանը Սեյրանին երազում տեսավ։ Ինչպե՜ս փոխվել էր Սեյրանը, ո՛րքան ուրախ և զվարթ էր։ Սուսանն երբ նրան տեսավ ուրախ, ինքն էլ ուրախացավ։ Նա մոտեցավ յուր սիրեցյալին, բռնեց նրա ձեռից, ուզեց որ խոսի, բայց սիրեցյալը մի ծուռ հայացք ձգեց Սուսանի վրա, ձեռը խլեց, երեսը շուռ տվավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ։ Արտասուքն աչքերին Սուսանը նայում էր Սեյրանի հետևից, բայց նա ուշադրություն չէր դարձնում, գնում էր ու գնում։ Նա, կարծես, փախչում էր Սուսանից, ինչպես մի զարհուրելի գազանից։ Սուսանը բարձր ձայնով գոչեց նրա հետևից. «Սեյրան, մի փախչիր, ես եմ, ես եմ, Սուսանդ եմ»։ Սեյրանը մի քանի վայրկենաչափ երեսը դարձրեց Սուսանին։ Ով տեր աստված, որքան զարհուրելի էր նրա դեմքը։ Նրա աչքերն այրվում էին, բերանից կրակ էր դուրս գալիս, ինչպես թոնրից։ Նա աջ ձեռը բարձրացրեց դեպի երկինք, մի բառ արտասանեց, բայց ինչ էր այդ բառը — Սուսանը չլսեց։ Հետո Սեյրանը կրկին երեսը շուռ տվավ Սուսանից և սկսեց փախչել։ Սուսանը վազ տվավ, որ հասնի, բայց ինչպես կարող էր հասնել նրան։ Սեյրանը վազ է տալիս ինչպես ձի։ Սուսանին մինչև անգամ այնպես թվաց, որ Սեյրանը մեջքից ներքև ձի էր, իսկ վերևը մարդ։ Տեր աստված, տեր աստված, այդ ի՞նչ է նշանակում, ի՞նչպես բացատրել այդ երազը։ Երեկ առավոտյան գոռալով ու սարսափած Սուսանը զարթնեց քնից և իսկույն բաց արավ «Եֆիմերդեն» ու մտիկ տվավ։— «Օրը բարի է, երազը քառասուն օրն կատարի»։

Քառասուն օր, ախ ինչ ուշ, ի՞նչպես պիտի կատարվի։ Տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջացնես։

Սուսանը երեք անգամ երեսը խաչակնքեց։

Սեյրանը նրանից խռովել է — այս նա գիտե։ Բայց մի՞թե այժմ ատում է։ Անկարելի բան է։ Չէ, Սուսանը չի հավատում, որ Սեյրանը նրան ատելիս լինի։ Սեյրանն ատել