Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
IV


Տասնուվեց տարեկան հասակում Սոնան արդեն զգում էր բնական ցավի բոլոր ծանրությունը։ Եվ այն միտքը, թե թշվառ է, նրա մատաղ հոգու վրա գործում էր ճնշող տպավորություն։ Ժամերով առանձնացած, անձնատուր էր լինում իր մելամաղձիկ մտածումներին։

Նրա նորահաս խելքը ձգտում էր գտնել թշվառության հիմնական պատճառը և ոչինչ չէր կարողանում որոշել կյանքի մթության մեջ։ Լալիս էր, լալիս, և միայն արցունքներն էին րոպեապես թեթևացնում նրա սիրտը։

Նա անում էր այն բոլորը, ինչ որ հարկավոր էր աստծու գութը շարժելու համար և ինչ որ սովորել էր իր մորից։ Պահում էր տարվա բոլոր պասերը, իսկ մեծ պասը — կրկնակի։ Տարենը մի անգամ ամբողջ յոթնյակ ծոմ էր պահում։ Իր մոր հետ այցելում էր քաղաքի շրջակայքում գտնվող սրբավայրերը։ Բայց բոլորը զուր։

— Ինչո՞ւ,— ահա հարց, որ զբաղեցնում էր Սոնայի միտքը։ Ինչո՞ւ աստված չի լսում նրա ձայնը, չի խղճում. ո՞ր մեղքերի համար։ Կյանքում մի անգամ մի հանցանք գործեց — ցույց տալով հորն իր մոր խնայած կոպեկների տեղը։ Հայրը գողացավ և վատնեց այդ ողորմելի կոպեկները։ Բայց որքա՛ն զղջաց, ո՛րքան աղոթեց և ո՛րքան արտասվեց այդ հանցանքի համար։ Ո՛չ, այդ չէ պատճառը։

«Մայրս ասում է, որ վեց տարեկան էի, երբ առաջին անգամ ուշաթափվեցի...»

Ուրեմն, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Եվ որքան հասարակ հարցը գրգռում էր Սոնային, այնքան նրա մտքերը շփոթվում էին։ Նույն հարցը նա տալիս էր մորը, և միշտ ստանում միևնույն պատասխանը.

— Դա աստծու կամքն է։

— Այո՛, դա աստծու կամքն է։ Բայց մի թե աստված առանց պատճառի մի բան կատարում է։

— Մայրիկ, ինչո՞ւ մեկը ստեղծվում է առողջ և բախտավոր, մյուսը — հիվանդ և թշվառ։

Երկյուղած և աստվածապաշտ հացթուխը սարսափում