Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատժեմ ՚ քեզ, խեղճ էակ, քանի որ աստված ինքն է պատժել։

Սոնան գուշակեց այս լուռ պատասխանի իմաստ՛ը։

— Ես ինքս էլ չեմ հասկանում,— շարունակեց նա,—ինչ երեսով աստծուց պատմվածը ուզում էր մարդկանց շարքն ընկնել։ Մի շաբաթ է գիշեր ցերեկ մտածում եմ, մտածում ու տեսնում, որ ես իրավունք չունիմ այս տանն ապրելու։ Թո՛ղ ինձ գնամ իմ ծնողների մոտ, մենակ նրանց գլխին պատուհաս լինիմ։ Թե չես ուզում թողնել, գցի՛ր ինձ ոտներիդ տակ, շանսատակ արա, մի՛ պահիր այս դրության մեջ։

— Հապա ինձ ո՞վ կսպանի, եթե ես քեզ սպանեմ, բաս իմ ցավե՞րը որտեղ ուղարկեմ, եթե քեզ ծնողներիդ մոտ ուղարկեմ։ Ուշ է…

— Աստծուն է հայտնի, որ քանի֊քանի անգամ հորս տնից ուզեցել եմ քեզ հայտնել, որ ընկնավոր եմ, ի՞նչ անեմ, լեզուս կալին֊կապին ընկավ — չկարողացա։

Նա շալի ծայրը բարձրացրեց իր աչքերը սրբելու, ուր երեք օր էր արտասուքը ցամաքել էր։

— Հե՛րիք է, հե'րիք է, կես բարկացած և կես ընկճված ձայնով արտասանեց Մուրադը.— աստծու դեմ կռվել չենք կարող։ Ինչ որ ճակատներիս գրված է, պետք է տանենք։ Աչքերս այնքան մթնել էին, որ եթե ամբողջ աշխարհը հակառակվեր, էլի ես քեզ հետ պիտի պսակվեի։ Ուրեմն աստծու կամքն էր։ Հիմա հերիք է, ասում եմ, վեր կաց, մի բաժակ թեյ ածա , տուր ինձ։

Այն վայրկյանին, երբ Սոնան թեյով լի բաժակը դնում էր լուսամուտի հատակի վրա, նրա գլխի գցած շալի եզրերը միմյանցից բաժանվեցին և կոկորդը բացվեց։ Մուրադը նաjում էր կնոջ երեսին և այժմ էլ հիանում էր նրա գեղեցկությունով։

— Այդ ի՞նչ է,— գոչեց նա հանկարծ, երբ տեսավ Սոնայի կոկորդը։

Սոնան իսկույն շալը քաշեց կրծքին և երեսը ետ դարձրեց։

— Այդ ի՞նչ է,— կրկնեց Մուրադը։