Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ես եմ, Մանիշակ, ես եմ,- ասաց ոտաբոբիկ, գլխաբաց և կիսամերկ ծերունին, իր կոշտ ձեռով շոյշոյելով նրա մազերը...

Այդ միջոցին մյուս սենյակում Զառնիշանը աղերսում էր կախարդուհուն փրկել Մուրադին այդ «գնից»։ Նա չէր հոդում ընկնավորի մասին. թող Սոնան ոչնչանա, միայն թե պառավի որդին ազատվի։

—Դևը դև է կանչում, սատանան ընկեր է սիրում,- արտասանեց կախարդուհին խորհրդավոր եղանակով։

Երբ նրան հարցրին այս խոսքերի միտքը, նա իր ոսկրոտ ձեռների ցուցամատերը կպցրեց միմյանց և ցցեց օդի մեջ։

—Հասկանում եմ,— ասաց Գյուլնազը։

Կախարդուհին խոստացավ Մուրադի փրկության մասին մտածել և, վարձն առնելով հեռացավ։

Մի ամբողջ շաբաթ չէր երևում։ Այնինչ Մուրադի թախիծը ոչ միայն չէր անցնում, այլ օրից-օր ծանրանում էր։ Ճշմարիտ է, այժմ նա տնից դուրս էր գալիս, բայց, Կարապետի ասելով, ավելի լավ էր տանը նստեր, քան թե դուրս գար և այնպես պահեր իրան։

—Մի բան ես հարցնում, աչքերը չռում է, երեսիդ մտիկ անում։ Մարդկանց հետ խոսել չի ուզում։ Եթե խոսեցնում են - նեղանում է։ Երեկ մի գյուղացու փող տալիս, տասը մանեթ ավել է տվել, մյուսից պակաս է վերցրել։ Հաշիվ բան չի պահում, դավթարներն ուզում է պատռել։ Իմ տունը քանդում է, ազատեցեք նրան այդ ցավից...

—Կսպանեմ ինձ ու իմ որդուն կազատեմ չարերի ձեռքից,— գոչեց Զառնիշանը, իր գլխի մազերը փետտելով։

—Պետք է ազատել,- ավելացրեց Գյուլնազը։

Այժմ նրանց ցանկությանն էր, որ Սոնան մեռնի, այնքան ձանձրացել էին այդ կարճ միջոցում։ Քաղաքում արդեն տարածվել էր Սոնայի ցավագար լինելու լուրը։ Կանայք զանազան պատրվակներով գալիս էին Զառնիշանի մոտ, ընկնավորին տեսնելու։ Ոմանք ակնարկում էին, թե առաջ էլ գիտեին Սոնայի ցավագար լինելը, միայն չէին ուզում ասեր իսկ ոմանք, կարծես, մի առանձին հաճույք էին զգում` շոշափել Զառնիշանի սրտի վերքը - մանրամասնաբար հարցնելով