Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղափոխվելուց քսան ժամ, և այրին արդեն հափշտակված էր։ Նա ոգևորված պատմում էր, թե ինչպես ծերունին այն օրը դիմավորել էր իրան, թե ինչպես Վարվառա Մինաևնան պատվել էր, ոտքի կանգնելով։ Երևում է, որ հասարակ մարդիկ չեն. կամ շատ հարուստ են, կամ մեծ ցեղից են։ Աղջկա պահարանը լիքն է տեսակ-տեսակ նորաձև հագուստներով. հայրը չորս ու հինգ մուշտակներ ու վերարկուներ ունի։ Ծերունին պարզ մարդ է. նա խնդրում է ու աղաչում Նատալիա Պետրովնային շուտ-շուտ այցելություն անել, որ «օտար երկրում տխուր չանցնի մեր օրը», ասում է։

— Ես էլ իրանց համեցեք արի, Ստեփան Գրիգորիչ, է՛հ, թող գան ու գնան, աղջիկը խիստ տխուր է, չեմ իմանում ինչ հոգս ունի, շատ քիչ է խոսում, չի ծիծաղում։ Հետևյալ և երրորդ օրն այրին միևնույնն էր կրկնում նորեկների մասին։ Այս անգամ նա իմացել էր, որ նրանք եկել են Մոսկվայից, որ եղել են Պետերբուրգում, շատ և շատ քաղաքներ են տեսել, որ արտասահմանում ևս ապրել են մի առ ժամանակ։

— Մի խոսքով, շատ օրինավոր մարդիկ են… ավարտեց այրին, պարծենալով, որ այնպիսի կենողներ ունի։

Կենդանություն ստացած բնակարանի լուսամուտների փեղկերն ամեն օր առավոտը բացվում էին, երեկոյան փակում։ Ռոստամյանը շարունակում էր յուր գործը։ Արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, և նա միայն երկու անգամ էր տեսել ծերունուն ու նրա աղջկան, առաջնին — փողոցում, վերջնին — պատշգամբի վրա։ Տակավին նա չէր հետաքրքրվում յուր դրացիների գոյությամբ։ Միայն երբեմն նրա աչքի առջև պատկերանում էր երիտասարդ կինն յուր թախծալի աչքերով, որ առաջին օրը բարակ շղարշի տակից այնպես տխուր նայում էին դեպի հեռավոր տարածություն։ Հիշեց Ռոստամյանը մի քանի անգամ երիտասարդ կնոջ և՛ ծանր հոգոցը։ Բայց այս բոլորը միայն վայրկենաբար։ Այնուհետև գործը դարձյալ խլում էր նրա բոլոր ուշքն ու միտքը, և նա խորասուզվում էր հարատև մտավոր աշխատության մեջ։

Մի անգամ իրիկնադեմին, երբ արևը դեռ մայր չէր