գլխի վրա: Հերակալից ազատ մնացած մազերի կարճ մասերը, իբրև գեղեցիկ ժապավեն, զարդարում էին նրա ճակատի վերին կողմը։ Նրա մեջքը բարակ էր և սեղմված կորսեի մեջ, թիկունքն ու կուրծքը բավական զարգացած։ Արդարև, ինչպես ասաց Նատալիա Պետրովնան, նա ավելի համակրելի էր, քան գեղեցիկ։ Ամբողջ նրա կազմվածքից բուրում էր մի տեսակ հանգիստ հպարտություն։
Նատալիան հյուրերին ընդունեց անշփոթ քաղաքավարությամբ, ինչպես բավական փորձված և աշխարհ տեսած կին։ Նա բոլոր յուր շարժումներով և դեմքի արտահայտությամբ, կարծես, ասում էր.
«Ուրախ եմ ընդունելու ձեզ իմ տանը, բայց իմացեք, որ սովոր եմ ձեզանից ավելի նշանավոր հյուրեր ընդունել»։
Ռոստամյանը, ոտքի կանգնելիս, շփոթվեց, դիպավ սեղանին և քիչ էր մնում, որ կանթեղի լուսամփոփը գցեր։ Կատոն տեղից չշարժվեց, մինչև որ հյուրերն իրանք կմոտենային։
… Սա իմ աղջիկն է, մադամ Բիզիրգանովա,- ասաց այրին, Կատոյին ներկայացնելով յուր հյուրերին։
Երբ ամենքը նստեցին, Ռոստամյանը տեղավորվեց Մինաս Կիրիլլիչի ձախ կողմում, իսկ աջ կողմում - Վարվառեն։ Այրին սկսեց զբաղեցնել յուր հյուրերին ամենահասարակ խոսակցությամբ։ Սովորական սառնությունը շուտով անցավ, և հյուրերը փոքր առ փոքր ընտելացան իրարու։ Խոսում էին մեծ մասամբ Նատալիա Պետրովնան և Մինաս Կիրիլլիչը։ Առաջինը, հիացած Վարվառեի շնորհալի կերպարանքով աշխատում էր խոսակցությամբ զբաղեցնել նրան էլ, որ, կարծես, խոսելու տրամադրություն չուներ։
— Ի՞նչ գեղեցիկ ձայն ունիք, Վարվառա Մինաենա,- ասաց նա, հոնքերը վեր քաշելով և «թասակրավի» տակից դուրս ցցված մազերը հետ ժողովելով։
— Միթե դուք լսե՞լ եք Վարիայի երգեցողությունը,- հարցրեց Մինաս Կիրիլլիչը։
— Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ։ Երեկ Վարվառա Մինաևնան տանը երդում էր, ես այստեղից ականջ էի դնում։ Շատ սիրուն ձայն ունիք, շատ,- դարձավ այրին Վարվառեին։