Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Միթե դուք երգել գիտե՞ք,- մեջ մտավ Կատոն, որ մինչև այդ ժամանակ լուռ էր և միայն նախանձոտ աչքերով նայում էր Վարվառեին։

— Երբեմն տանն ինձ համար զբաղվում եմ,- պատասխանեց Վարվառեն համեստությամբ։

— Ոչ միայն երգում է, Կատյուշա, դու պիտի լսես, թե ինչպես է խաղում դաշնամուրի վրա,- խոսեց դարձյալ այրին ոգևորված.- ես հիացած եմ…

— Այժմ ամենքն էլ երգում են ու խաղում,- արտասանեց Կատոն, հեգնորեն ժպտալով.- Թիֆլիսը երաժշտական քաղաք է…

— Գիտեք, Վարվառա Մինաևնա,- ընդհատեց այրին յուր աղջկա նախանձոտ նկատողությունը,- իմ Կատոն էլ խիստ լավ երգում է ու խաղում. մի օր կխնդրենք ձեր երկուսին, որ մեզ համար միասին երգեք։ Լավ չե՞մ ասում, Մինաս Կիրիլլիչ։

— Կեցցե՛ք, Նատալիա Պետրովնա,- գոչեց ծերունին ուրախությամբ,- շատ լավ եք ասում։ Մի օր ամենքդ եկեք մեր տուն հյուր, մենք Կատերինա Սիմոնովնային և Վարիային կստիպենք, որ երգեն։

— Ես խաղում եմ ու երգում ինքս ինձ համար, ուրիշներին իմ ձայնով զարմացնելու շնորհք չունիմ,- ասաց Կատոն կծու ձայնով։

Այրին գաղտնի հանդիմանությամբ նայեց աղջկա երեսին և գլուխը շարժեց։

Կատոն բնավորությամբ, ինչպես և կազմվածքով, յուր մոր հակապատկերն էր։ Նախանձամիտ, կրքոտ, բծախնդիր տիկինը չէր կարողանում երիտասարդ կանանց հետ բարեկամանալ, մանավանդ գեղեցիկ կանանց հետ։ Վարվառեն հենց առաջին վայրկյանից գրգռեց նրա նախանձը, մանավանդ յուր հասակով, որովհետև այս այն առավելությունն էր, որ սիրում էր Կատոն և որից զուրկ էր։ Այսքանը միայն բավական էր Կատոյի սիրտը թունավորելու համար։ Եվ ահա այդ նորեկ սիրուն կինը, ասում են, դեռևս «հիանալի» երգելու և խաղալու ձիրք էլ ունի։ Խայթված ինքնասիրությամ նա աշխատում էր Վարվառեի մեջ գտնել որևէ մի արտաքին