Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ծերունուն, և ո՞ւմ պատճառով։ Մի հասարակ ծանոթի, մի դրացի կնոջ պատճառով, որի հետ ընդամենը երկու ամիս չկա, որ ծանոթացել է։ «Մի դրացի կի՞ն, մի հասարակ ծանո՞թ»։ Այսպես է, արդյոք ճի՞շտ է, որ Վարվառեն նրա համար սրանից ավելի մեծ և խորհրդավոր նշանակություն չունի։ Իսկ այն երկար խոսակցություննե՞րը, ախորժելի վիճաբանություննե՞րը, իսկ նրա իմաստալի հայացքնե՞րը, ժպիտնե՞րը, հառաչանքնե՞րը։ Իսկ այն երեկոյան խոսակցության նյո՞ւթը, նրա գաղտնի ոգևորությունը մի վիպական չարաբախտ հերոսի մասին, որի դրությունն այնքան կարող էր մոտիկ լինել Ռոստամյանի դրությանը: Սպասեց՛ք։ Ոչ, ոչ, այստեղ թաքնված է ավելի խորին գաղափար, քան թե կարող է գտնել լոկ սառն դատողությունը։ Սակայն այլևս ուշ և ավելորդ է այս մասին մտածել։

— Եվ ոչ միայն ուշ է, այլևս անկարելի,- շարունակեց Ռոստամյանը վճռական եղանակով, մի քանի րոպե ևս լուռ մտածելուց հետո։- Ինձ մնում է մոռացության տալ նրա կերպարանքն և շարունակել իմ տխուր մենավորությունը։ Եթե կա մի կայծ, պիտի շուտով հանգցնել այդ կայծը։ Իմ և նրա մեջ բացվեց մի խոր անդունդ - հասարակական նախապաշարմունքն և քրիստոնեական կրոնի խստությունը: Անցնե՞լ, արդյոք, այս վիհը։-Ո՛չ, «նա» չի կարող, իսկ ես չեմ համաձայնվիլ։

Նա հագուստը հագին դարձյալ պառկեց։ Սակայն ուղեղի րոպեական խաբուսիկ սառնությունը չազդեց բորբոքված Արտի վրա։ Նրա գլխում պտտում էր այրիի պատմությունը, աչքերի առջև - Վարվառեի տխուր կերպարանքը։ Իսկ քունը, հոգեկան տանջանքների այս ժամանակավոր դարմանը, խույս էր տալիս նրանից։

Երկար միջոց նա հայացքն ուղղած էր սենյակի առաստաղին, մինչև որ մի տեսակ նիրհ տիրեց նրան։- Այդ - քնի և արթնության միջին սահմանն էր, ուր պտտում էր նրա հոգին։ Նա մերթ ընդ մերթ բաց էր անում աչքերն և տեսնում էր առաստաղի վրա կանթեղի աղոտ լուսու կոլորաձև ցոլացումը, իսկ երբ փակում էր աչքերը - տեսնում էր այլ բաներ։ Ահա Վարվառեն. նա կանգնած է մի ճահճի եզրում,