չէր լինիլ, եթե միայն Վարվառեն օրիորդ լիներ։ Ի՛նչ անենք, մի տղա մի աղջկա կարող է սիրել, իսկ ամուսնացած կնոջ — ոչ. այդ աններելի է, մեղք է, հանցանք է։ Բայց շատ կարելի է Ռոստամյանը սիրած է եղել Վարվառեին հենց առաջին օրից, երբ դեռ չէր իմանում, թե նա պսակված է։ Իսկ այժմ նրան հայտնի է, որ Վարվառեն մարդ ունի, ուրեմն, հավատալի չէ, որ Ռոստամյանը դարձյալ շարունակի սիրել նրան։
Այստեղ հանկարծ այրիի խելքը սկսեց այլ ուղղությամբ դատել։ Լա՛վ, ասենք, թե Ռոստամյանի և Վարվառեի սրտերն այժմ իսկապես այնպես կպել են միմյանց, որ բաժանվել դժվար է. ի՞նչ կլինի նրանց վերջը, պետք է տանջվե՞ն հավիտյան, թե կարող են մոռանալ իրար։
Այս կետի վրա այրին երկար մտածեց, մտածեց և վերջը, ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործելով, լսելի ձայնով արտասանեց.
— Խիստ դժվար օրենքներ են մեր օրենքները։ Ի՞նչ անի խեղճ Վարվառեն, վերցրել են, ուժով պսակել են մի անպիտանի, մի փչացած մարդու հետ ու ասում են. «տանջվի՛ր նրա ձեռքում, ուզում ես, չես ուզում — տանջվի՛ր»։ Քանի-քանի խեղճ կանայք է ճանաչում Նատալիա Պետրովնան, որ այնպես տանջվում են իրանց մարդկանց ձեռքում, ինչպես Վարվառեն է տանջվել։ Բայց արի ու նրանց ցավը հասկացրու ուրիշներին։ Հիմա Վարվառեն թողել է մարդուն ու հեռացել, ի՞նչ պիտի անի... էլի եթե պառավ լիներ, է՛հ, ոչինչ, սև օրերը մի կերպ կտաներ յուր հոր տանը։ Բայց նա քսան ու վեց տարեկան ջահել կնիկ է... պիտի հավիտյան զրկվա՞ծ մնա աշխարհի երջանկությունից։
— Խիստ դժվար են մեր օրենքները,— կրկնեց Նատալիա Պետրովնան և, հառաչելով, վեր կացավ տեղից ու գնաց Վարվառեի մոտ:
VIII
Չարչարանքի շաբաթն էր։ Քաղաքի ամբողջ բնակչությունը զբաղված էր քրիստոնեական նշանավոր տոների նախապատրաստությամբ։