Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկեղծ ցանկանում էիր բախտավորություն։ Դու համոզված էիր, որ այդ բախտավորությունն ես կվայելեմ Մեզանդրոնցովի հետ։ Գիտեմ, որ դու էլ դժբախտ ես իմ պատճառով... ի՜նչպես մեղադրեմ քեզ։ Բայց իմանո՞ւմ ես, արդյոք, թե ինչ դրության մեջ եմ ես։ Ո՛չ, եթե իմանայիր, դու չէիր կարող այդպես անտարբեր մնալ։ Այժմ կիմանաս... այժմ ուժ չունիմ այլևս թաքցնելու իմ սրտի զգացածը։ Ախ, տեր աստված, ի՞նչ կպատահի, արդյոք, նրան, եթե իմանա...

Նա թուլացած, հաղթահարված նստեց աթոռի վրա և գլուխը հենեց կոներին։ Շատ մնաց այդ դրության մեջ, թե քիչ — չգիտեր, հանկարծ գլուխը բարձրացրեց և վճռական եղանակով արտասանեց.

— Այդ կլինի սպանություն... ես չեմ կարող այդ քայլն անել, հարկավոր է հետ կանգնել, քանի որ միայն անդունդի ծայրումն եմ։ Ես չեմ թողնիլ, որ իմ երջանկության համար հայրս ստանա մահացու հարված... Քանի որ նրան հայտնի չէ, ես կվերջացնեմ ամեն ինչ...

Նա շտապով գրասեղանի վրայից վերցրեց գրիչ ու թուղթ և նստեց։ Տասը րոպեի չափ նա, գրիչը ձեռքին, գլուխը կրծքին թեքած, ձախ ձեռով ճակատը սեղմած, մտածում էր։ Մի քանի անգամ նա դրեց, ջնջեց, թերթը պատռոտեց, նորը վերցրեց, դարձյալ գրեց, ջնջեց և դարձյալ թերթը պատռոտեց։

Վերջապես, ավելի հուզված, գրիչը մի կողմ շպրտեց և վեր կացավ տեղից։ Նա կամենում էր նամակով խնդրել Ռոստամյանին՝ դադարել իրան հետամուտ լինելուց։ Բայց ի՞նչ իրավունքով նա պիտի մի այդպիսի համարձակ պատվեր տա այն մարդուն, որը դեռևս խոսքով մի ակնարկություն չի արել յուր սիրո մասին, որի սիրտը դեռ կիսով չափ մութն էր նրա համար։ Մի գուցե երևակայությունը խաբում էր նրան։

Երբ այդ երիտասարդը կհայտնի յուր սերը, եթե սիրում է, նա կաշխատի հաղթել ինքն իրան և կբացատրի, թե անկարելի է, որ միմյանց սիրեն։ Թո՛ղ լինեն եղբայր ու քույր։ Քույր ու եղբա՜յր... ո՛րքան մեծ բախտավորություն է այնպիսի եղբայր ունենալ։ Իսկ Վարվառեն չունի եղբայր, նա էլ քույր չունի։ Բայց կարելի՞ բան է այս։— Ամենևին. այդ

Շիրվանզադե, I հ.—27