Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն սառն վարվել, այլև ատել նրան, այլև չընդունել յուր տան մեջ։ Այդ շատ բնական կլիներ։ Վարվառեն ամուսնացած կին է, իսկ Մինաս Կիրիլլիչը — նրա և յուր սեփական պատվի նախանձախնդիր հայր։ Ի՞նչ փույթ նրանք թե Ռոստամյանին ինչ զգացմունք է մղում դեպի նրա աղջիկը. ի՞նչ փույթ, եթե աղջիկը մինչև անգամ... սիրում է այդ երիտասարդին։ Նրանց մեջ կա մի զորեղ պատնեշ, և ով կհամարձակվի այդ պատնեշը խորտակել — կխորտակի և Մինաս Կիրիլլիչի պատիվը, անունը։ Նա դեպի անդունդը կգլորի և՛ յուր և՛ Վարվառեի պատիվը։

Այսպես է Մինաս Կիրիլլիչի գաղափարը, նույնն է և շատերի համոզմունքը։ Ուրեմն, Ռոստամյանն եթե չի հարգում այդ նախապաշարմունքը, գոնե չունի իրավունք և դատապարտելու Մինաս Կիրիլլիչին: Երկու զորեղ սպառնալիքներ, Դամոկլեսի սրի պես, կանգնած են նրա գլխին — հասարակություն և կրոն։

Առաջին օրից նա դեպի այդ պատկառելի ծերունին զգաց որդիական հարգանք։ Երբ լսեց Վարվառեի պատմությունը, հարգանքը վերափոխվեց ատելության. պատկառելի մարդը դարձավ բռնակալ հայր։ Անցավ և ատելությունը, Ռոստամյանը սկսեց կարեկցել ծերուհու դժբախտությանը։ Այժմ այս փոփոխական զգացմունքների տեղը բռնեց ամոթի զգացմունքը։ Նա ամաչում էր Մինաս Կիրիլլիչից և վերջին օրերն աշխատում էր խույս տալ նրանից, չտեսնել նրան։

Բայց խույս էր տալիս հորից, իսկ աղջկա՞ն... Պիտի տեսնվել Վարվառեի հետ առանձին։

Այս նպատակով Ռոստամյանն աշխատում էր որսալ մի հարմար ժամ։ Եվ ահա, հասավ ցանկալի պահը։ Երբ Մինաս Կիրիլլիչը դուրս գնաց, Ռոստամյանն հետևից նայեց, մինչև որ նա անհետացավ փողոցի ծայրում։ Դեպքը հաջող էր. այրին ևս տանը չէր։ Գավթում աղախինը Ռոստամյանին հաղորդեց, թե «պարոնը» ուշ կվերադառնա։ Առաջին պահ պատշգամբի վրա նրան տիրեց մի անսպասելի վհատություն։ Նա հետ դարձավ և, մի քառորդ ժամ տատանվելուց հետո վճռեց, վերջապես, հարմար ժամը բաց չթողնել։