— Հեռացե՛ք, այստեղից, դուք ինձ անդունդն եք գլորում...— արտասանեց Վարվառեն, երեսը դողդոջուն ձեռներով ծածկելով։
— Անդո՜ւնդ...— կրկնեց Ռոստամյանն...— ես ուզում եմ անդունդից դուրս բերել ձեզ։
Նա բռնեց Վարվառեի ձեռն և, յուր երկու ձեռների մեջ սեղմելով, աչքերը հառեց նրա աչքերին ու հուզված ձայնով շարունակեց.
— Դուք դիտեք, որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել: Րոպեական խելագարություն չէ այս։— Ո՛չ ամենևին։ Ձեզ ամեն ինչ հայտնի է։ Վարիա, Վարվառա Մինաևնա, ես... շատ եմ մտածել... շատ եմ զգացել, օօ՜օ, շա՛տ եմ զգացել: Կարո՞ղ է մարդ հաղթել բնությանը։ Ես... քեզ... ոչ... ձեզ անդո՞ւնդն եմ գլորում... ե՞ս։ Նայեցե՛ք, բացի այս շնչառությունից մի ուժ մնացե՞լ է իմ մեջ։ Միթե ես չե՞մ մտածել արգելքների մասին, միթե երկու ամիս շարունակ գիշեր ցերեկ չե՞մ պատերազմել ինքս ինձ հետ։ Բայց այժմ տկար եմ, անկարող, այո, թուլացած, ոչնչացած այս անհաղթելի զգացմունքից։ Գուցե կարողանայի զսպել ինքս ինձ, եթե հավատացած չլինեի, որ դուք կարհամարհեք նախապաշարմունքները։ Այո, հավատում եմ, դուք կարող եք մոռանալ մանր մարդկանց կեղծ հասկացողությունն առաքինության մասին։ Դուք բարձր եք այդ թզուկներից... նայեցեք ուրեմն նրանց վրա անվեհեր... Մի պահանջեք նրանցից ճիշտ գաղափար իսկական հերոսության մասին:
Նրա ձայնը հետզհետե խեղդվում էր։ Նա հազիվ հազ շունչ էր առնում։ Մի քանի վայրկյան դարձյալ լռեց, որ շունչ քաշի, և ապա շարունակեց.
— Ում հոգին մեծ է, ընդարձակ է և՛ նրա մտքերի հորիզոնը... դուք հասկանում եք իմ ասածը, Վարվառա Մինաևնա։ Երբ կապանքն անտանելի է դառնում, նրան... գիտեք... պիտի ատել, արհամարհել, պիտի խորտակել։ Ասացե՛ք, զգո՞ւմ եք դեպի ինձ գեթ տասներորդ չափն այն սիրո, որ ահա ինձ հասցրել է այս օրին: Եթե զգում եք, անկարելի է, որ երկար մտածեք։ Բայց, տեր աստված, դուք դեռ սարսափում եք նախապաշարմունքներից։ Ա՜խ, եթե իմանայիք:
425