թե ինչ է թաքնված առօրյա առաքինության դիմակի տակ, թե որն է հանցանքը և որն է սողուններից հանցանք համարված անարատությունը։ Խոսեցե՛ք, Վարվառե, մի՛ լռեք։ Ահա՛, ձեր առջև կանգնած է մի ոչնչություն, որ առաջ մարդ էր, ապրում էր, դո՛ւք միայն կարող եք նրան կրկին կենդանություն տալ... Կարդացե՛ք, ուրեմն, իմ ճակատագրի վճիռը... Տեսնո՜ւմ եք ինչ օրի եմ հասել...
Արդարև, նա ներկայացնում էր մի խղճալի պատկեր, այնքան ծայրահեղ զգացմունքներն ընկճել էին նրան և այնքան նա մոռացել էր ինքն իրան։ Իսկ Վարվառեն, մի ձեռը հենած կոլորակ սեղանի ծայրին, մյուս ձեռով աչքերը ծածկած, լուռ, անշարժ, լսում էր բորբոքված սրտից բխող խոսքերը, որ երբեմն կրկնվում էին և երբեմն արտասանվում թերի, անկապ։
— Լռո՞ւմ եք...— շարունակեց Ռոստամյանը, դարձյալ մոտենալով Վարվառեին և հանդարտ ձեռն աչքերից հեռացնելով։— Դուք չե՞ք ուզում խոսել, միթե ա՞յդ է ձեր պատասխանը.մի սառն լռություն իմ կրած տանջանքների համար։ Ուրեմն ես զո՞ւր իմ կյանքը հանձնեցի սրտիս ու հոգուս հաճույքին... ուրեմն իմ ներքին ձայնն անգթությամբ խաբե՞ց ինձ և դարձրեց ծիծաղելի՞ ձեր աչքում...
— Ես հայր ունիմ...— ցածր ձայնով արտասանեց Վարվառեն, բուռն ջանք գործ դնելով, որ զսպե իրան:
— Գիտեմ...
— Ես սիրում եմ նրան...
— Իսկ ինձ... ո՞չ։
— Մի ստիպեք ինձ խոսել իմ սիրո մասին։ Նա պարզ է ձեզ համար, Ստեփան, ո՛չ այսօր, ո՛չ երեկ... Հիշում ե՞ք այն օրն, երբ մեզ ցույց էիք տալիս այս բնակարանը։ Ես չպիտի տեսնեի ձեզ, տեսա, և հենց առաջին րոպեից իմ մեջ հղացավ այն, ինչ որ մինչև այն օրը չէի զգացել։ Ապացույցնե՞ր եք պահանջում... Անքուն, վշտալի արտասուքով ողողված գիշերները լեզու չունին... Ինչո՞ւ չեք հարցնում ձեր սրտից։ Թե ինչը ձեր մեջ գրավեց ինձ — մի ստիպեք բացատրել... ես անկարող եմ... ես ինքս չեմ հասկանում... Ոչինչ չեմ հասկանում։
426