Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջին անցքերի մասին նա դեռ ոչինչ չգիտեր։ Չկարողանալով զսպել յուր լեզուն, նա մտավ ծերունու սենյակն և հայտնեց, թե տիրուհին հիվանդ պառկած է։

Մինաս Կիրիլլիչը սառն կերպարանքով ընդունեց այս լուրն և, լուռ, գլուխը շարժեց։

Կեսօրվա դեմ Վարվառեի տաքությունը սաստկացավ։ Երբ Մատրենան մտավ ներս, որ հարցնի նրա հիվանդության մասին, նա անզգա պառկած, ծանր հառաչում էր։ Այս անգամ ռուս պառավը վախեցավ, կրկին վազեց Մինաս Կիրիլլիչի սենյակը։

Վարվառեն պառկած էր երեսնիվայր, սպիտակ հոլանի բազուկները վերմակի վրա տարածած և վառվռուն աչքերը սենյակի առաստաղին հառած, երբ հայրը հանդարտ քայլերով ներս մտավ։ Նա չզգաց հոր գալուստը։ Երկու շաբաթ էր, որ հայրը ոտ չէր դնում այդ սենյակը, ուր առաջ մտնում էր ժամանակ անժամանակ աղջկա հետ խոսակցելու կամ որևէ լրագրական կամ քաղաքային լուր հաղորդելու։

— Դուք հիվա՞նդ եք,— հարցրեց ծերունին ցածր ձայնով, կանգնելով աղջկա մահճակալից երկու քայլ հեռու։

Վարվառեն չլսեց նրա հարցը, բայց հայացքը դարձրեց դեպի նրա կողմը։ Մի քանի վայրկյան հայր ու աղջիկ նայեցին միմյանց։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում այս առաջին անգամն էր, որ նրանք ուղիղ նայում էին միմյանց երեսին։

— Դուք հիվա՞նդ եք,— կրկնեց Մինաս Կիրիլլիչն ավելի բարձր ձայնով։

— Ո՛չ,— պատասխանեց Վարվառեն, որի միայն շառագունած այտերն և կարմրած աչքերը վկայում էին, թե նա ստում է և ինչ-որ թաքցնում։

— Մատրենան ասաց, որ դուք տկար եք։

— Ո՛չ, ես տկար չեմ...

Վարվառեն, վերջին խոսքը չավարտած, վերմակը քաշեց երեսին։

— Եթե հիվանդ եք, թողեք ուղարկեմ բժշկի հետևից,— ասաց հայրը, մի քայլ ևս մոտենալով։