Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ


Մեր մեծ վիպասանը գրական ասպարեզ իջավ անցյալ դարի 80-ական թվականների սկզբին, և այդ օրվանից մինչև մահը—հիսուն տարուց ավելի—նա իշխում էր մեր գրականության մեջ, որպես նրա հուժկու տաղանդներից մեկը։ Նրանով է սկսվում մեր վիպագրության մի նոր շրջանը, երբ գյուղական-սոցիալական և ազատագրական ռոմանտիկ վեպը տեղի պիտի տար ռեալիստական արձակին և վիպական արվեստի նոր ըմբռնումներին։

Շիրվանզադեն իր պատանեկության և մասամբ երիտասարդության տարիները ապրեց և աշխատեց Բաքվում, ուր արդյունաբերական կապիտալը նոր միայն մուտք էր գործել և սկսել իր գիշատիչ գործը, որի հետևանքով էլ այնտեղ ստեղծվել էր մարդկային հարաբերությունների յուրահատուկ միջավայր։ Եվ ահա այդ միջավայրում երիտասարդ, բնականից սուր աչքով օժտված Շիրվանզադեն տեսավ ոմանց հարստանալու մոլուցքը, մյուսների՝ հողից կտրված աշխատավորների ծանր վիճակը, որ տուն-տեղ թողած, իրենց գյուղերից եկել էին մի կտոր հաց վաստակելու։

Այդ իրականությունը իր կնիքը դրեց մեր վիպագրի ստեղծագործության վրա և կանխորոշեց նրա գրական ուղին ու մեթոդը։

Ապրելով Բաքվում Շիրվանզադեն բերեց իր տեսած շատ իրական ու գործնական կյանքի ռեալիստական նկարագիրը: Ճշմարիտ է, ռեալիզմը մեր դրամատուրգիայի մեջ վաղուց էր տարել իր հաղթանակը շնորհիվ Սունդուկյանի մեծ տաղանդի, բայց արձակը ներկայացնում էր ռոմանտիկայի ու ռեալիզմի խառնուրդ շարունակում էր մնալ ծրագրային ազատագրական կամ գյուղագրական վեպի սահմաններում (Րաֆֆի, Ծերենց, Պռոշյան, Աղայան)։ Առաջին ուղղության մեջ գերիշխում էր հայրենի երկրի ազատագրության ազնիվ հորդորը, երկրորդում՝ գյուղի նահապետական կյանքի-կենցաղի ու շահագործման նկարագիրը։ Այլ խոսքով