պես մի լակոտ» նրա փափախը աղբի մեջ գլորի և այնուհետև էլի նա ոտ կոխի այն տունը, ուր ապրում է այդ լակոտը։ Ո՛չ, Բարխուդարը ավելի հեշտ կհամաձայնվի կոտորել Uեյրանին էլ, յուր աղջկան էլ, իրան էլ սատանաների փայ անել, բայց ղաբուլ չի անիլ, որ յուր ականջները, այսօրվա խոսքերի պես խոսքեր լսեն։
Մինչ այդ ամենն անցնում էին Բարխուդարի մտքով, Հայրապետը ապշած մտիկ էր տալիս նրան, չհամարձակվելով խոսք անգամ արտասանել։
— Ասել եմ, պիտի կատարեմ, թե չէ՝ նամուսս ինձ կխեղդի, մնաս բարով, Հայրապետ,— ասաց Բարխուդարը և շտապով դուրս եկավ։
— Կանգնիր, մի՛ փախչիր,—լսվեց դրսից, և երկու երիտասարդական ձեռներ ուժով Բարխուդարին ներս հրեցին։
Դա Սեյրանն էր։
— Լսի՛ր, մարդ, լսիր մի քանի խոսք ասեմ, ու հետո ուր որ ուզում ես գնա։
Սեյրանի կողմից այդ անսպասելի հանդգնությունը այն ազդեցությունը ունեցավ Հայրապեաի վրա, որ խեղճ մարդու լեզուն այս անգամ բոլորովին «փետացավ» ինչպես ինքը հետո պատմում էր Մարիամ բաջուն։ Նա չուխայի թևերն ուսերին գցեց, ձեռները պահեց բերանի դեմ, իրանը ծռեց և ասաց․ այ քեոփ...փը․.փը... Բայց չկարողանալով արտասանել ուզած բառը, կրկին չուխայի թևերը ցած գցեց և մի կողմ նայելով, ուր ոչ ոք չկար, ավելացրեց․ «տեսնում եք էս լակոտին, նահլաթ չար սատանին հա՛»։ Մինչդեռ Հայրապետը զանազան անհամբեր շարժվածքներ էր անում, Սեյրանը, Բարխուդարին ներս հրելով, կանգնել էր դռան առաջ, կարծես, դիտմամբ, որպեսզի վերջինը «չփախչի»։
— Հրես ասում եմ, մարդ, ջառը ջհաննամը դու էլ, քո բարեկամությանն էլ, մենք քեզ կարոտ չենք։ Բայց Սուսանը իմս է, դու Սուսանին ինձանից չես կարող խլել, դու նրան ինձ ես բաշխել, դու երդվել ես և թքածդ լզող մարդ չես։ Լսո՞ւմ ես, Սուսանը իմս է, իմս․․․
Սեյրանն այդ խոսքերը արտասանում էր բարձր ձայնով, գրեթե գոռալով։