Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուսանի հետ, համբուրեց նրան։ Չարաբա՛խա համբույր։ Միթե դո՞ւ եղար պատճառն այդքան դժբախտությունների ։ Միթե՞ ինքը հիմա, Սեյրանը չէ միակ մեղավորը։ Ի՞նչ էր ուզում նա Բարխուդարից, որ այդ մարդը այդ երեկոյից հետո հրավիրե՞ր նրան յուր մոտ, համբուրե՞ր ճակատից և ասեր․ «ղոչաղ տղա, լավ ես անում, որ իմ աղջկան գիշերները համբուրում ես»։ Ինչպես չէ, մի բան էլ ավելի։ Ոչ, ոչ։ Սեյրանր շատ վռազեց, չհամբերեց․ ա՛խ անզգուշություն։ Ի՞նչպես նա չկարողացավ առաջուց մտածել այդ ամենը, աչքերն արյուն էին կոխե՜լ։ Դա բավական չէր, նա Բարխուդարի հետ էլ կոշտ վարվեց այն գիշեր։ Ո՛վ գիտե, կարելի է, եթե նա մեջտեղ ընկած չլիներ, Բարխուդարը կփոշմաներ և էլի կշարունակեր իր բարեկամությունը։

Այսպիսի մտածմունքներով պաշարված, մի երեկո Սեյրանը իրանց բակում գլուխը կրծքին թեքած շրջում էր հետ ու առաջ։ Նա մտածում էր, որ մի հնար գտնի այդ երեկո Սուսանի հետ տեսնվելու։ Երկար, երկար նա պտտեց այս ու այն կողմ, վերջապես, կանգ առավ պատի տակ։ Նրա աչքին ընկավ մի շարժական սանդուխք, որ ձգված էր պատի տակ։ Սեյրանի գլխում մի միտք ծագեց։ Մի քանի րոպե անշարժ կանգնեց, ինքն իրան կրկնելով, «անեմ թե չէ, անեմ թե չէ»։ Ի՛նչ որ լինում է, թո՛ղ լինի,— ասաց վճռական եղանակով, մոտեցավ սանդուխքին, բարձրացրեց և զգուշությամբ պարսպի դեմ կանգնեցրեց։ Կատվի արագությամբ նա բարձրացավ պարսպի գլուխը և սկսեց նայել դեպի Բարխուդարենց տունը։ Դռները բաց էին, ճրագը վառ էր։ Բարխուդարը մեջքը պատին տված, նստած, չիբուխ էր ծխում։ Գյուլնազը նույնպես նրա դեմ ու դեմ նստած կար էր անում։ Սմբատը և Սուսանը չէին երևում։— Երևի, նրանք քնած են,— մտածեց Սեյրանը, միևնույն ժամանակ Սուսանին որոնելով։ Հանկարծ սենյակի դռների սյամի վրա նշմարվեց մի կանացի կերպարանք։ Սեյրանի սիրտը թրթռաց։ Նա իսկույն ճանաչեց Սուսանին։

Ինչպես է դեղնել, լղարել, երևի խեղճը հիվանդ է։ Դուրս է գալիս, ձեռում ափսեներ կան, գնում է խոհանոց։ Ի՞նչ անեմ, թռչեմ, առաջը կտրե՞մ։ Բայց չէ, կվախենա։ Ի՞նչ