Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

II

Երեք երեկո շարունակ հոգեհանգիստ էր կատարվում։ Հասարակության բոլոր խավերը գալիս էին իրենց վերջին հարգանքը մատուցանելու հանգուցյալին։ Այլևս ոչ ոք չէր բամբասում, ոչ ոք չէր ասում, թե Մարկոս աղան եղել է խաբեբա, կողոպտիչ, ժլատ, բռնակալ իր ընտանիքի համար։ Մահն ամենքին հաշտեցրել էր նրա հետ, և ամեն ոք շտապում էր իր վշտակցությունն արտահայտելու ժառանգներին։

Ուշադրության գլխավոր առարկան Սմբատն էր։ Բոլորը նրա մասին էին խոսում թե՛ թեր և թե՛ դեմ։ Շատերն ասում էին, թե ծերունին դեռ երկար կապրեր, եթե չունենար սրտում Սմբատի ցավը։ Օ՜ օ, մաշեց խեղճ մարդու հոգին ու մարմինը դավաճան որդու արարքը։ Մեղադրանքն արտահայտվում էր շշնջյուններով։ Ոչ ոք չէր համարձակվում բարձր խոսել։ Յուրաքանչյուրը վախենում էր մի գուցե լուրը հասնի միլիոնների ժառանգին։ Բանն այն է, որ արդեն ամբողջ քաղաքը գիտեր, թե Ալիմյան առևտրական տան գործերի ղեկը Սմբատի ձեռքն է անցնում։

Կտակը բաց արին հանգուցյալի մահվան երկրորդ օրը, ինչպես ցանկացավ Սմբատը։ Դա ավելի հանգուցյալի զգացումների զեղումն էր, քան չոր ու ցամաք գործնական թելադրություն: Ծերունին ասել էր, ծխական քահանա Տեր-Սիմոնն արձանագրել։ Նախ հանգուցյալը հանձնարարում էր Սմբատին աշխատել Միքայելին ուղիղ ճանապարհի բերելու, դուրս բերելով նրան այն անբարոյական, շռայլ կենցաղից, որ կլանել էր նրան ամբողջովին։ Հետո պատվիրում էր արթուն հսկողություն ունենալ Արշակի վրա, սիրել ու հարգել մորը, ապրել նրա հետ մի հարկի տակ, անբաժան։ Այնուհետև նա խնդրում ու աղերսում էր «ուղղել» իր «սխալը»։ Գալով գործնականին, հանգուցյալը, բացի մի քանի աննշան նվերներից իր չքավոր ազգականներին ու բարեգործական նպատակով, բոլոր իր շարժական ու անշարժ կայքերը և բանկային թղթերն ու ստանալիքները հանձնում