Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի անգամ նա քաղաքից ուղևորվեց Միքայելի հետ։ Ճանապարհին խոսում էր գործերի մասին, գանգատվում էր կառավարիչ՝ ինժեներ Սուլյանի դեմ, որ իր պաշտոնին վերաբերվում էր անտարբեր, միշտ գբաղված սեփական գործերով։

— Է՜հ, եթե չես հավանում, ինչո՞ւ չես արձակում,— հարցրեց Միքայելը։ — Ինձ համար ավելի հեշտ է մի ծառայողի տված վնասներին դիմանալ, քան զրկել նրան պաշտոնից։

Հետո խոսեցին Դավիթ Զարդարյանի մասին։ Սմբատը գովեց նրա անձնվիրությունը, սերը դեպի գործը, անշահասիրությունը և մտավոր զարգացումը։

— Իսկ ի՞նչ կասես նրա եղբոր աղջկա մասին,— հարցրեց հանկարծ Միքայելը։

Սմբատը նեղն ընկավ, ի՞նչ կապ ունի Շուշանիկը խոսակցության նյութի հետ և ինչո՞ւ է Միքայելն այդպես խորը նայում նրա երեսին։

— Ես հարցնում եմ քո կարծիքը նրա մասին, որովհետև նա ինքը... համակրում է քեզ,— արտասանեց Միքայելը, և նրա ձայնի մեջ զգացվեց անզսպելի դառնություն։

Սմբատը, շփոթված, երեսը դարձրեց եղբորից և հայացքը հառեց դեպի հեռավոր դաշտերը։ — Դու շփոթվո՞ւմ ես, երևի, ինքդ էլ զգում ես, որ նա քեզ համակրում է, և ով գիտե, գուցե դու էլ անտարբեր չես...

— Մեխա՛կ, դու գիտես, որ ես հիմար կատակներ չեմ սիրում...

— Բայց ճշմարտախոսություն սիրում ես, չէ՞։ Դու կարծում ես, որ ես դե՞մ կլինեմ, եթե սիրես անգամ այդ աղջկան։ Ո՛չ, ես միայն քո ճաշակը չեմ գովիլ, ուրիշ ոչինչ․․․

— Մի՞թե,— արտասանեց Սմբատն անորոշ։ — Նա ինքնահավան է և գոռոզ։

— Գուցե,— դարձյալ անորոշ արտասանեց Սմբատը։

—Նա գեղեցիկ չէ, և ոչ սիրուն կամ համակրելի։

— Կարծեմ ես չգովեցի նրա գեղեցկությունը։

Միքայելն սկսեց շվացնել ինչ-որ ուրախ եղանակ, որ բնավ չէր համապատասխանում նրա հուզված տրամադրությանը։ Նույն պահին Սմբատի մեջ հղացավ մի վատ զգացում.