Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստում էր, մերթ պառկում, շարունակ վերմակը վրայից հեռացնելով։ Նրա անկապ խոսքերն այրիի համար մասամբ պարզերին զգուշաբար թաքցրած գաղտնիքը։ Արդեն Մարթան մի քանի անգամ ակնարկել էր նրա մոտ եղբոր և տիկին Ղուլամյանի մեջ եղած հանցավոր կապի մասին։ Այրին մի առանձին նշանակություն չէր տվել լուրին, ժամանակները փոխվել են, այն շատ առաջ էր, երբ կինը հավատարիմ էր ամուսնուն։ Այժմ ամենքը դավաճանում են։ Ինչ անենք, որ Անուշ Ղույումյանի թուլությունից օգտվողը նրա որդին է։ Երիտասարդ է, ամուրի, «տաքարյուն», թող ապրի, «քեֆ անի»։ Նա մտքում դեռ մի փոքր էլ պարծեցավ որդու քաջությամբ։ Ղոչաղ տղա է, որ կարողանում է կնոջը մարդու ծոցից հանել, միայն պետք է զգույշ լինի, «թաքուն անի» ամեն բան, որ ոչ ոք չիմանա։

Միքայելն իր զառանցանքի մեջ կրկնում էր. «կորի՛ր, խայտառակ, անպատկառ, դու ինձ անպատվեցիր, դու ինձ կեղտոտեցիր, սպանեցիր բարոյապես, կորի՜ր, կորի՜ր».,. Հաջորդ խոսքերից Սմբատն արդեն հասկացավ, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվել Միքայելին։

Զառանցանքն անցավ կես գիշերից հետո։ Հիվանդը լռեց ու նիրհեց։ Առավոտը, աչքերը բանալով, պղտոր հայացքը հառեց մոր երեսին։ Չնայելով տակավին շարունակվող տագնապին, զգում էր ինչ-որ թեթևություն։ Գլխի վերքը երեկվա չափ ցավ չէր պատճառում։ Երբեք մայրական դեմքն այնքան հաճելի չէր թվացել նրան, երբեք այնքան գգվանքի կարոտ չէր զգացել, որքան այդ օրը։ Նա զգացվեց, բռնեց մոր ձեռը և սեղմեց կրծքին։

Ներս մտավ Շուշանիկը՝ թեյի սկուտեղը ձեռին, մոխրագույն շալն ուսերին գցած։ Նրա այլևս մտախոհ դարձած աչքերը կարեկցաբար դարձան դժբախտ մոր կողմը, լռիկ հարցնելով, արդյոք, ինչպե՞ս է այսօր հիվանդը։ Այրին գաղտնի սրբում էր տամուկ աչքերը սև մետաքսյա թաշկինակով։ Հիվանդի դեմքով սահեց խորին երախտագիտության ժպիտ։ Սպիտակ թաշկինակով կապված ճակատի տակից կարմրած աչքերը հառեց օրիորդի վրա։ Մտաբերեց այն օրը, երբ հանդգնել էր այդ անարատ և բարեսիրտ էակի վերաբերմամբ